Անահիտ տատիկը

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի

Մայրիկիս 94-ամյա Անահիտ տատիկը նույնպես ապրում է Կալավանում` երեխաներով, թոռներով ու ծոռներով շրջապատված: Անահիտ տատիկը ծնվել է Չովդառ գյուղում (այժմ Ադրբեջանի տարածք) հասարակ գյուղացու ընտանիքում: Իր պատմելով գյուղը այնքան էլ մեծ չի եղել, հազիվ հարյուր բնակիչ է ունեցել (ճիշտ մեր գյուղի նման): Մի քույր և վեց եղբայր է ունեցել, եղբայրներից երեքը մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին: Նրանցից մեկը վերադարձել է, երկուսը՝ զոհվել (պատմելիս աչքերը լցվեցին): Երբ հարցրեցի, թե ինչպե՞ս է հանդիպել ամուսնուն՝ Վարդևան պապիկին և ամուսնացել, ծիծաղեց ու պատասխանեց.

-Դե, էնա իրանք եկել են մեր տուն, տհե տեսել ենք ու ամուսնացել:

Ամուսինները գյուղից դուրս են եկել և տեղափոխվել քաղաք՝ Կիրովաբադ (այժմ Գանձակ, գտնվում է Ադրբեջանում): Ծնվել են նրանց հինգ երեխաները՝ երեք աղջիկներն ու երկու տղաները: Երկար տարիներ ապրել են այնտեղ, մեծացրել են իրենց երեխաներին կրթել, դաստիարակել ամուսնացրել ու դարձել թոռնատեր: 1988 թվականի շարժումը սկսելուն պես ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան՝ այնտեղ ապրել են ընդամենը երեք տարի, քանի որ ռուսների և հայերի մեջ սկսած պառակտությունը վտանգավոր էր դառնում:

Ընտանիքը կրկին պետք է տեղափոխվեր, այս անգամ՝ Հայաստան: Ու ինչպես տարբեր տեղերից եկած փախստականներ, այդպես էլ Անահիտ տատիկի ու Վարդևան պապիկի ընտանիքը, բնակություն հաստատեց Կալավանում: Չնայած ամենաուշն էին եկել, բայց գյուղի առաջին տունն էին վերցրել:

Ես իհարկե, չդիմացա ու հարցրեցի, թե ո՞նց է եղել, որ սկզբի եկածներից ոչ մեկը այդ տունը չի վերցրել: Անահիտ տատիկը ասաց, որ տանը բնակվող ադրբեջանցիները շուտ են լքել գյուղը՝ մինչ փախուստը, և այն մնացածներից ավելի քանդված ու ավերված է եղել:

Այսպես Անահիտ տատիկի ու Վարդևան պապիկի ընտանիքը սկսել է ապրել Կալավանում: Աստիճանաբար շինել են տունը, այնուհետև վերանորոգել, հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվել: Այսպես անցան տարիներ, մեծացան նաև թոռները, նրանք էլ ամուսնացան: Ամուսինները դարձան ծոռնատեր: Վարդևան պապիկի մահից արդեն անցել է վեց տարի, Անահիտ տատիկը հաճախ է պատմում նրա մասին, հիշում ու արտասվում, բայց շարունակում է ապրել շրջապատված երեխաների, թոռների ու ծոռների սիրով: