valentinaChilingaryan

Անանուն խաչմերուկները հատելիս

Ըստ Հին Կտակարանի՝ մարդու անունը բացահայտում էր նրա էությունը: Օրինակ, եթե քո անունն Արտակ է, ուրեմն դու արագավազ ես, որովհետև պարսկերենից թարգմանած՝ «Արտակ» նշանակում է «արագ»: Հայ առաքելական եկեղեցին հերքում է այն վարկածը, որ մարդու անունը կարող է ազդել մարդկային ճակատագրի, բնավորության ձևավորման և բախտի վրա: Բայց փաստում է, որ մարդու անունը կարող է ազդեցություն ունենալ մարդու վրա, եթե նա թույլ է տալիս, որովհետև անունը մարդու էությունը բացահայտողն է: Օրինակ, երբ ինչ-որ մեկը բողոքում է՝ ասելով, որ իր անունը գեղեցիկ չէ, կամ հնչեղությունն իրեն դուր չի գալիս, դա կարող է սխալ անդրադառնալ մարդու վրա: Այնուամենայնիվ, եթե քո անունը Աղապարոն, Բարիխաթուն կամ Մորեհամ է, ապա դու պետք է սիրես այդ անունը և հաճախ հպարտանաս, որ ունես յուրահատուկ անուն: Միշտ պետք է սիրել անունը և թուլ չտալ, որպեսզի այն սխալ հոլովվի, որովհետև այն մարդու էությունը բացահայտողն է: Օրինակ՝ ես շատ եմ բարկանում, երբ անունս սխալ են հոլովում: Երբ ինձ սխալ են դիմում, չեմ զլանում և մի քանի անգամ բացատրում եմ, որ հայոց լեզվում բառը կրճատվում է մինչև ձայնավորը (հերքելով անվանս սխալ կրճատումը), իսկ հետո պահանջում եմ, որ եթե հայոց լեզու չգիտեն, թող ամբողջական անունով ինձ դիմեն: Ես ունեմ իրավունք պահանջելու, որ դիմացինս ինձ ճիշտ դիմի: Դա նույնն է, երբ մտնես խանութ՝ հավկիթ գնելու, ասես. «Երկու հատ հավ տվեք»: Մեզ չեն տա հավկիթ, կտան հավ: Որովհետև հավի ու հավկիթի միջև տարբերությունը շատ մեծ է: Ճիշտ է, գիտնականները չեն պարզել՝ սկզբից հա՞վն է եղել, թե՞ հավկիթը, բայց, այնուամենայնիվ, իրերը պետք է կոչել իրենց անուններով: Եթե քո անունը Կարեն է կամ Կարինե, թույլ մի տուր, որ քեզ ասեն «Կար»: Թող տանջվեն ու տառապեն, բայց ի վերջո ասեն Կարինե կամ Կարեն: Չէ՞ որ երբ ծնվել ես, քեզ այդպես են անվանակոչել: Ինչի՞ պիտի թույլ տաս՝ անունդ աղավաղեն: Ես ուրախ եմ, որ անունս Վալենտինա է, որովհետև սիրելով անունս՝ ես սիրում եմ առաքելությունս և բացահայտում եմ էությունս իմ կյանքում:

Հ. Գ. Նյութը գրելու ընթացքում հիշեցի ընկերներիցս մեկին, որը չի սիրում, երբ իրեն ամբողջական անունով են դիմում՝ ասելով, որ այդպես կոպիտ է հնչում: Ուզում եմ ավելացնել, որ ամբողջական անունով դիմելիս կոպիտ հնչելու խնդիր չկա, քանզի կարճ դիմելաձևով էլ կոպիտ հնչեցնելու հնարավորություն կա: