Անգամ եթե փաստաբանը ձեր ընկերն է

Առհասարակ մարդն իր կյանքում որոշումներ կայացնելիս պետք է լինի հաստատակամ: Հարցն առավել լուրջ է, եթե այն վերաբերում է մասնագիտության ընտրությանը:
Ավելի քան երեք տարի առաջ էր, երբ որոշեցի, որ ուզում եմ իրավաբան դառնալ, այն էլ այն դեպքում, երբ ընտանիքիս անդամները առավելապես մաթեմատիկական ուղղվածության ջատագովներ են: Ինչևէ , երեք տարի է անցել , ու իմ սերը դեպի իրավաբանություն եռապատկվել է: Ասածս լոկ խոսքեր չեն: Իմ օրը սկսվում, զարգանում ու ավարտվում է իրավաբանության հետ, անգամ երազում եմ զգում…
Դե, համալսարանում ամեն ինչ խորապես ուղղորդում է մեզ դեպի իրավաբան դառնալը ու հաստատուն գիտելիքներ ունենալը: Դասախոսություններ,  սեմինարներ, սիմուլյացիոն խաղեր, բանավեճեր: Ինչպես մեզ մոտ են ասում` եթե ուսանողի մեջ առկա է ցանկություն, կան մտավոր բավարար կարողություններ, ապա աշխատելու արդյունքում հաջողությունը իրեն երկար սպասեցնել չի տա: Համաձայն եմ, քանի որ մեր աչքի առաջ են հրաշալի մասնագետներ, ովքեր իրենց աշխատասիրության արդյունքում ձեռք են բերել ուսանողների սերն ու հարգանքը:
Դե իսկ ես` նոր ձևավորվող իրավաբանս, փորձում եմ ամեն սովորածս կիրառել առօրյայում: Գիտե՞ք ` ինչպես, օրինակ` մեր շենքի բոլոր բնակիչներին մեր նախաձեռնող հարևաններից մեկը առաջարկում էր կնքել պայմանագիր, որով մենք պարտավորվում ենք վճարել տնաձայների համակարգի համար, որը նոր պիտի տեղադրվեր մեր շենքում ` մեր իսկ անվտանգությունը ապահովելու համար: Մենք ապրում ենք երկրորդ հարկում: Ըստ կողմերի համաձայնության ` մեզ նախօրոք տեղյակ էին պահել, որ մեզ ևս այցելելու են` պայմանագիրը կնքելու համար: Հնչեց դռան զանգը: Ես բացեցի:
- Աղջիկ ջան, բարև’: Պայմանագիրը բերել եմ: Կստորագրե՞ս:
- Բարև’ Ձեզ: Մեկ վայրկյան,- ասացի ես ` ինձնից գոհ վերցնելով պայմանագիրը:
Անցավ մոտ 5-10 րոպե: Մեր հարևանը դեռ կանգնած էր մեր դռան մոտ ու,  մերթընդմերթ դժգոհության ձայնարկություններ հանելով, հետևում էր, թե ես ինչպես եմ մանրակրկիտ ուսումնասիրում վերոհիշյալ պայմանագիրը: Արդեն վերջացնում էի, երբ հարաբերական անդորրը խախտեց մեր հարևանը.
- Աղջի’կ ջան, կարո՞ղ ա դու իրավաբան ես:
- Հա’: Ի՞նչ իմացաք:
- 9- րդ հարկից մինչև 2-րդ հարկ սաղ բնակարանները հերթով մտնելով, ստորագրություն վերցնելով դուրս եկա` մենակ դու որոշեցիր, որ պետք ա կարդաս էս պայմանագիրը,- նույն դժգոհ դեմքով ասաց մեր հարևանը ու հեռացավ` իր հետ տանելով արդեն իսկ հարազատ դարձած պայմանագիրը:
Հա, բայց ես ի՞նչ անեմ, ես կիրառում եմ այն, ինչ սովորել եմ. ցանկացած պայմանագիր ստորագրելուց առաջ հարկավոր է ուսումնասիրել պայմանագրով նախատեսված պայմանները` անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար:
Մի օր էլ հորաքրոջս հետ գնացել էինք գնումներ կատարելու: Լիքը բան էինք գնել, այդ թվում և հագուստ, և կանխատեսելի էր, որ դրանցից մեկը փոխանակելու կամ հետ վերադարձնելու կարիք կլինի: Բայց հորաքույրս խանութի աշխատակցուհու կամ մենեջերի հետ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չէր բերել այդ մասով: Սակայն ի՞նչ կարիք կա մտածելու, եթե կողքիդ ունես քաղաքացիական իրավունքը բոլորովին վերջերս լավ սերտած ուսանող: Մեր գնած վերնաշապիկներից մեկը հետ վերադարձնել էր հարկավոր: Մտանք խանութ: Հորաքույրս , մանկավարժին բնորոշ լավատեսությամբ ու մարդասիրությամբ, խնդրեց խանութի աշխատակցուհուն, որ հետ վերցնի վերնաշապիկը ու վերադարձնի վերջինիս համար վճարած գումարը: Խանութի աշխատակցուհին չհամաձայնեց` պատճառաբանելով, որ արդեն իսկ վերնաշապիկի կոդը ֆիքսվել է համակարգում` իբրև գնված ապրանք, և հնարավոր չէ հետ վերցնել այն:
- Հարգելիս, ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է, որ գնորդը իրավունք ունի ապրանքը իրեն հանձնելու պահից 14 օրվա ընթացքում փոխանակելու կամ վերադարձնելու, եթե ապրանքը չի օգտագործվել, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից գնելու անհրաժեշտ ապացույցներ:
Մի պահ խանութի աշխատակցուհու շվարած դեմքը տեսնելով` մտածեցի, որ լավ կլիներ, եթե ոչ մի բան էլ չասեի, սակայն վերջինս համաձայնեց հետ վերցնել վերնաշապիկը:
Մեկ ուրիշ դեպք էլ պատմեմ:
Անցած տարի մի գեղեցիկ լուսանկար էի արել ու տեղադրել իմ ֆեյսբուքյան էջում` նշելով, որ ես եմ նկարել այն: Տուրիստական գործակալություններից մեկը, վերցնելով իմ կողմից արված լուսանկարը, օգտագործելով այն, հեղինակել էր իր ֆիրմային նշանը և սոցիալական էջերում հանդես էր գալիս դրանով` առանց նշելու, որ լուսանկարի հեղինակը ես եմ: Դե, ի՞նչ էր մնում ինձ անելու: Իհարկե, պաշտպանել իմ հեղինակային իրավունքները:

Լավ մշակված դիրքորոշում գրելուց ու երկարատև բանակցելուց հետո ինձ հաջողվեց վերականգնել իմ խախտված իրավունքները: Բա հո էդպես չէի՞ թողնելու:
Եվ այսպես շարունակ:
Իրավաբանի մասնագիտությունը չափազանց հետաքրքիր է ու, միևնույն ժամանակ, բարդ, պետք է պարզապես սիրով համեմել յուրաքանչյուր պահը:
Մենգետին ասում էր, որ եթե անգամ փաստաբանը ձեր ընկերն է, այնուամենայնիվ հիշեք, որ նա փաստաբան է:
Իսկ ես ասեմ ավելին.հիշե’ք, որ եթե անգամ իրավաբանը Ձեր ընկերն է, այնուամենայնիվ նա իրավաբան է…