Անգլերենի դասընթացներ Կալավանում

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Գարնանը իմացանք, որ ամռանը՝ հուլիսի 1-ին, մեր փոքրիկ Կալավանում անգլերենի դասընթացներ են լինելու: Հուլիսի մեկն անցավ, բոլորս կորցրել էինք մեր հույսը: Սակայն հուլիսի 16-ի երեկոյան իմացանք, որ հաջորդ օրը՝ ժամը 11:00-ին, անգլերենի դասընթացները սկսվում են: Բոլորս ժամը 10:30-ին գյուղապետարանի բակում էինք, դասընթացները տեղի էին ունենալու գյուղապետարանում: Վերջապես եկան մեր ուսուցչուհիները՝ Նինան և Լաուրան: Ծանոթացանք միմյանց հետ, մեզ ասացին, որ դասերը լինելու են խտացված գրաֆիկով և տևելու են ընդամենը մեկ շաբաթ, ու ամենակարևորը՝ դասերի ընթացքում խոսելու էինք միայն անգլերեն: Նրանք մեզ բաժանեցին տետրեր, մատիտներ, պատկերազարդ գրքեր և բառարաններ: Դասերը տևում էին օրվա մեջ չորս ժամ` 11:00-ից 13:00-ն և 15:00-ից 17:00-ն: Դասերին զուգահեռ սովորում էինք անգլերեն երգեր, խաղում հետաքրքիր խաղեր, որոնք օգնում էին ավելի ամրապնդել սովորածը:

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Այնքան հետաքրքիր էին անցնում դասերը, որ մենք չհասցրինք նկատել՝ ինչպես անցավ այդ մեկ շաբաթը:

Մենք երեխաներով որոշեցինք մի փոքր անակնկալ պատրաստել: Նվիրեցինք ձեռագործ կախազարդեր, շնորհակալական պաստառներ և մի փոքրիկ խմորեղեն, որը մեր խնդրանքով պատրաստել էին մեծերը: Անչափ ուրախացան և շնորհակալություն հայտնեցին:

Նրանք էլ մեզ համար էին անակնկալ պատրաստել: Ասացին, որ երեկոյան ժամը 19։00-ին բոլորս հավաքվենք իրենց տան բակում:

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Նրանք Հայաստանի տարբեր բնակավայրերում տեղադրում էին անվճար փոքրիկ գրադարաններ: Մեր փոքրիկ Կալավանում նույնպես տեղադրեցին, որտեղից կարող ես գիրք վերցնել և դրա փոխարեն դնել մեկ ուրիշը:

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Մենք բոլորս շատ շնորհակալ ենք Նինայից և Լաուրայից՝ մեզ անգլերեն սովորեցնելու և փոքրիկ անվճար գրադարան տեղադրելու համար: