Arman Mkrtchyan

Անեսթեզիա

Նրա անիծյալ առավոտներից էր, որտեղ մեռնում էր հույսը, արևի լույսի ներքո խեղդվում հավատը, ու այրող թեյի մեջ գոլորշիանում երազանքները։ Նա ժպտում էր ու անկախ ամենից՝ միշտ ուրախ էր այդ ժամանակ։ Նախաճաշի ընթացքում հիասթափություն էր համտեսում, հետո փլվում մահճակալին ու ակնապիշ նայում մանրակրկտորեն կազմված իր տեսիլքներին։ Դրանց ինքն էր հորինել ու պահ բաց չէր թողնում դրանց հետ իր մտքերով կիսվելու համար։ Տեսիլքների համար առավոտները դժոխային էին, բայց այդ սրիկայի հորինած շղթաները հնարավորություն չէին տալիս իրենց բաց թողնել գոնե մի առավոտ։ Դրանք տեսիլքների վերածված հուշերն էին, բայց փոփոխված. առավոտյան դառնում էին սարսափի հասնող նողկալի, իսկ մելամաղձիկ երեկոների ընթացքում դառնում ռոմանտիկայի ածելիներ ու քերթում նրա հոգու նուրբ լարերը։

Իր ամբողջ օրն անցնում էր մահճակալի մեջ մեխված՝ բացառությամբ այն ատելի րոպեների, որոնց ընթացքում ունենում էր իր համար ամենազազրելի նախաճաշերը։ Ու եթե մեկ այլ ոք կմեռներ ձանձրույթի գրկախառնությունների այդպիսի ինտենսիվությունից, ապա նրա համար դա քնքուշ ժեստեր էին իր միակ բարեկամի կողմից։

Ինչո՞ւ էր նա մեռնում ներսից։ Այդ հարցին պատասխանել էր բազմիցս, բայց և ոչ ոք չէր էլ փորձել լսել մի հասարակ պատասխան, որ նա տալիս էր ամեն պահի, ամեն տեղ։ Մարդիկ, նայելով այս խեղճին, միայն հարցեր էին տալիս… հարցեր, որ չէին ենթադրում պատասխաններ։ Իսկ տղայի աչքերը գոռում էին պատասխանը։ Հյուծված հայացքներով նա փորձում էր ինչ-որ բան հասկացնել, բայց մարդիկ իր աչքերում միայն իրենց սեփական ցավերն էին տեսնում։

Ու այդ անտարբեր աղմուկը, իր աչքերի մեջ կիզիչ դեմքերն ու ծեծված հռետորությունները խոցում էին ամեն զգացմունք ու ապրում։ Նրան ընդամենը հասկացում էր պետք, իր վիճակի ընկալում, նվազագույն չափով կարեկցանք. նրա հոգին էր հիվանդ։ Այդ մասին էին աչքերն աղեկտուր լալիս։