mariam tonoyan

Անծանոթ ընկերներ

Հա՛, ես եմ, էլի ես, որ երկուշաբթիից ուրբաթ դասից հոգնած և պայուսակս հազիվ քարշ տալով, դասից վերադառնալիս հանդիպում եմ քո անծանոթ, հպարտ կերպարին: Ես այն անծանոթն եմ, ում խաչվող ճանապարհները ծանոթացրել են քեզ: Հա՛, կիրակի օրերին եկեղեցու ճանապարհին նույնպես ես եմ, որ անկախ իմ կամքից, ուրվականի նման դուրս եմ գալիս ճանապարհիդ ու ինչպես սովորաբար անծանոթ անցորդները, ես էլ քայլում եմ, առանց որևէ հատուկ ուշադրության կամ գոնե «բարևի»: Բայց մի՞թե մենք անծանոթներ ենք: Գուցե… Բայց միայն տեսականորեն: Չե՞ս հավատում: Իսկ անծանոթը որտեղի՞ց իմանար, որ սիրում ես կապույտ, անամպ երկնքին նայել, որ սիրում ես աղմուկը, որ ունես սովորություն ձեռքումդ ինչ-որ բան տրորելու` ծաղիկներ, ծառից պոկած տերևներ, թղթե գնդիկներ: Դու չե՞ս, որ վախենալով քննադատ ընկերներիդ սխալ հայացքներից, ամաչում ես քեզ քրիստոնյա համարելով եկեղեցու պատարագներին մասնակցել, այլ դրա փոխարեն մոմ վառելուց ու աղոթքի մեկ-երկու խոսքեր մրմնջալուց հետո, աննկատ փախչում ես դուրս: 

Անծանոթը կնկատե՞ր, որ վերարկուիդ հաստ օձիքների տակ թաքցնում ես դեմքդ ոչ թե այն պատճառով, որ ցուրտ է, այլ որ զայրույթից ատամներով վերքեր ես բաց արել ներքին շրթունքիդ, որ ընկերներիդ հետ դպրոց ես գալիս ոչ թե այլ պատճառով, որ ինչպես ընկերներդ են պնդում` «աղջիկ հավանելու», այլ շրջապատիցդ ուղղակի հետ չմնալու պատճառով: Երևի սրա՞նք էին քո փողոցներում միայնակ թափառելու պատճառները:

Չէ՛, մենք հաստատ անծանոթներ չենք: Պատահական հանդիպումները ծանոթացրել են ինձ քո շարժուձևին, քո լուռ ու մենակյաց բնույթին, տանջվող, բայց վարպետորեն ու հպարտությամբ տանջանքը թաքցնող բնավորությանդ, սովորույթներիդ, մարդկանց հանդեպ ունեցած մեծ սիրուդ ու միաժամանակ, ատելությանդ: Հիշիր իմ այն ողջույնը, երբ շփոթված նույնիսկ չպատասխանեցիր` արագացնելով քայլերդ, իսկ հաջորդ օրը` ուրախ ժպիտով հենց դու շտապեցիր ողջունել ինձ:

Հաճախ անծանոթները մեզ այնքա՜ն ծանոթ են թվում: Պատահե՞լ է, որ խանութում, կամ որևէ այլ տեղ, անծանոթ մեկի մեջ քեզ հարազատ ինչ-որ մասնիկ գտնես, հետաքրքրությամբ լցված հայացքով ուղեկցես նրան: Հենց այդ հայացքներն են, որ անծանոթներին ընկերներ են դարձնում:

Դե ինչ, ընկերս, հիմա էլի ես եմ, որ քո կյանքի ճանապարհին անվերջ երթևեկելուց հետո, վերջապես դադար եմ առել «ընկերություն» կոչվող դժվարահաս կանգառում և որպես դիտորդ հետադարձ հայացք եմ նետում «անծանոթություն» կոչվող մշուշի միջով ու հասկանում, որ ընկերներ եղել ենք միշտ, գուցե անգիտակցաբար, գուցե որպես անծանոթներ, գուցե լոկ մտքերում, բայց անկասկած եղել ենք…