Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Անկախության հետքերով

Երեւի ապրած ամեն օրվա վերջում պետք է մի հայացք նետել հետադարձ ուղղությամբ՝ հասկանալու, թե ինչ հասցրինք կամ ինչը մոռացանք, թե ինչ գտանք կամ ինչը կորցրինք: Այ, քսանհինգ տարի առաջ գտած անկախության հետքերով այսօր Հանրապետության հրապարակում էինք: Լուսանկարում էինք, հարցազրույցներ վերցնում, զրուցում թե՛ խորհրդայինն ապրած մեծահասակների, թե՛ անկախությունը կրող երիտասարդների հետ:

-Զորահանդե՞ս… Իսկական զորահանդեսը մեր ժամանակ էր: Մեր ժամանակ ամեն ինչն էլ ուրիշ էր:

Մենք ձեր պատմած «մեր ժամանակում» չենք եղել երբեւէ, բայց փոխարենն ապրել ենք մի շրջան, որի մասին այսօր շշուկով ենք խոսում.

-Ես մի ամիս առաջ եմ զորացրվել, ես Ապրիլյան պատերազմին եմ մասնակցել,- մեր հարցին, թե ներկա գտնվե՞լ են երբեւէ քաղաքացիական ցույցերի, պատասխանում է երիտասարդներից մեկը: Պատասխանում է ու փախցնում հայացքը՝ դեմքին ինչ-որ հաշտված տխրություն ընդգծելով:

-Ասա՛,- հուշում է ընկերը:

-Ի՞նչ ասեմ,- եւ լռում է:

Լռում ենք մենք էլ՝ այդպես էլ չիմանալով, թե ինչի մասին պիտի ասվեր:

-Մենք կլինենք անկախ, քանի դեռ կլինի մեր բանակը:

Թերեւս այսքանը: