Անկախության սերո՞ւնդ

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Համակարգչիս ստեղնաշարի կտկտոցների տակ ծնված հերոսս այսօր անանուն է:

Անուն ունի, իհարկե: Երբ լույս աշխարհ եկավ, հայրն ուրախ-ուրախ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչություն գնաց՝ որդուն իր հոր, հորեղբոր կամ մի երևելի ազգականի անունով կոչելու, որ գերդաստանի պատիվն ու հպարտությունը դառնա, երբ մեծանա: Ազգանուն էլ ունի, բնականաբար: Անպայման «յան»-ով վերջացող:

Անցյալի ու ներկայի, հնի ու նորի կռիվը հերոսիս օրվա ամենաէական մասն է: Նորից վախենալով դեպի հինը փախչելն էլ ազգային է, արյան մեջ:

Նրանից, որ քաջություն չունի առաջ նայելու, պայքարելու ինչ-որ նորի, տարբերվողի համար, կամա թե ակամա փարվում է հնին ու այդպես էլ մնում։

Չգիտեմ, երևի քչերը գիտեն՝ որտեղ է սկսվում այդ հինն ու որտեղ պիտի ավարտվի։

Երեկվա սերունդը մեզ անկախության սերունդ է կոչում՝ պայմանականորեն, մենք նրանց՝ պատերազմի սերունդ։ Հիմա ամեն բան խառնվեց։ Արդեն մենք էլ ենք պատերազմի սերնդից։ Նրանք անկախություն չունեին։ Հարց է, թե մենք որքանով ունենք։ Հիմա մենք երևի կիսաանկախ- կիսապատերազմի սերունդն ենք։ Հնի ու նորի իսկական խառնուրդ։

Իսկ իրականում բարդ է այդպիսին լինելը:

Նա 91-92 թվականներին է ծնվել: Անկախության հաստատման, մութ ու ցուրտ կամ պատերազմի տարիներից շատ բան չի հիշում: Նորմալ է: Թերևս միայն հիշի, թե ինչպես մեծերը մի օր ասացին, որ էլ կռիվ չի լինի: Ավարտվեց: Ու նա հավատացել էր: Երևի շատերն էին հավատացել, կամ փորձել իրենց հավատացնել, որ այդպես է: Այդպես կլինի: Հա, մոտ 25 տարի մեզ մի կերպ հավատացնում էինք, որ կռիվ չկա: Էլի մի կերպ՝ հնից կախված, նորերի միջով քայլում ու երկաթե շերեփ կամ, գոնե, գդալ էինք փնտրում: Չէինք գտնում: Բողոքում էինք, ընդվզում, բայց միայն ցածրաձայն, իսկ ավելի ճիշտ՝ մտքում: Չհասկացվելու ու ունեցած-չունեցած անցյալն էլ կորցնելու վախից անգամ չենք էլ շշնջացել:

Նա մեկ էլ հիշում է գրքերում կարդացածը: Այն, որ երևի բոլորս ենք հիշում կամ չենք հիշում:

Մենք գերբ, դրոշ, հիմն ու հազարամյակների պատմություն ունենք: Ավարայր, Սարդարապատ, Արցախ, հիմա էլ պատմության գրքի կես էջի վրա Քառօրյան են տեղավորել:

Ուժեղ երկիր ենք, իրոք: Առանց կատակի ու հեգնանքի: Միայն երբեմն ինքներս մեզ մոռանում ենք գրքերի էջերում: Նոր գրքեր գրելու համար էլ երևի «մոտիվացիա» չունենք։