astghik hunanyan

Անկապ նյութ

Բարև։ Եթե դեմքս մոռացել ես, ոչինչ։ Բայց էլ չկրկնվի։

Հենց հիմա դու «հառ ես եղել» տիեզերքի ամենածույլ մարդուն, դրա համար էլ կարդալու ես մի նյութ, որը գրվել է ու պիտի ուղարկվեր ամռանը։ Կարող ես անգամ չկարդալ էլ, անիմաստ նյութ է (եթե իհարկե չի հետաքրքրում, թե որն է հավի ձվի ենթակճեպի ու կճեպի արանքում գտնվող փոքրիկ օդախորշի կենսաբանական նշանակությունը)։

Բրիտանացի գիտնականները պնդում են՝ եթե սոց. կայքերում բավականին ակտիվ, ամեն ֆստըֆլուշկայի արձագանքող աղջիկը (այստեղ կարող է լինել քո նախընտրած սեռը) դարձել է պասիվ օգտատեր, ու մինչև անգամ չի էլ մտածում․ «մի բան պոստեմ, մարդիկ իմանան՝ սաղ եմ», ուրեմն արդեն երջանիկ է, գտել է իր կեսին։ Կամ էլ ձիուկի պես սովորում է։ Ձիուկը ո՞րն ա, կարգին նժույգի պես էլ սովորում եմ։ Լա՜վ, իյա։

Մի խոսքով՝ ամեն հիմարության վերաբերյալ համացանցում հեղինակային կարծիք չեմ հայտնում միմիայն այն պատճառով, որ պարապում եմ հայոց լեզու, անգլերեն, կենսաբանություն։

Ինչպես միշտ երկար ու լիքը բառերով գրված նախադասություններիցս երևի հասկացաք, որ լեզվիս հարցն առաջ չի գնացել։ Միայն թե հիմա կարող եմ ասել, թե էդ ապուշ նախադասությունների մեջ քանի չափ ու քանակի մակբայ եմ անտեղի օգտագործել։ Էն ժամանակ չէի կարող։ Հա, մեկ էլ հարաբերական դերանվան «որ»-ը արդեն տարբերում եմ շաղկապի «որ»-ից։ Բա դո՞ւ։

Հենց նոր ուսուցչիս՝ գյուղում գտնվող տնից եմ գալիս։ Դե ոտքով եմ գնում, մի քանի կիլոմետր հազիվ լինի ճանապարհը։ Ինձ ճանաչողները գիտեն, որ խելագարվում եմ գյուղի հանգստության ու ներդաշնակության համար, բայց էս մեր գյուղի ճամփին մի թաղամաս կա՝ մինչև անցնում ես, հոգիդ Աստծուն ես հանձնում. ողջ ճամփան թարմ, մխացող թրիքով է բուրում (ի դեպ՝ կմեռնեմ, թե չնշեմ՝ էս հայերը վառելու «մանյակ» են, զգացե՞լ եք, ամռանը գոմաղբ են վառում, աշնանը՝ տերև, իսկ կլոր տարի՝ իրենցից տարբերվողներին…)։

Ու երբ Ռամշթայն լսելով, գոմաղբի հոտը հաղթահարելով անցնում ես էդ գրողի տարած թաղամասը՝ պիտի առնվազն երեք անգամ շնորհակալություն հայտնես Աստծուն, որ 5 րոպե քիթդ փակ կարողացել ես քայլել ու չես սատկել հենց էնտեղ։ Էդքան չարչարանքից հետո ինքդ քեզ գովելու համար մոտակա ծառից մի փեշ շլոր ես քաղում ու սկսում ուտելով գնալ։ Ճաշակում ես առաջինը՝ կես որդի հետ միասին։ Արագ-արագ բերանիդ պարունակությունը դուրս ես հանում, հետո հիշում ռեգեներացիայի մասին։ Թու՜հ։

Ուսուցչիս տունն իսկական դրախտ է, 18-19-րդ դարերի մեծահարուստի տուն ոնց որ լինի («թոբաթե» գիտեմ էդ դարերում մեծահարուստի տունը ոնցն ա եղել)։ Լողավազան, բիլիարդ, մեծ պարտեզ, տրոպիկական ծառեր, էն ամենահին հեռախոսներից։ Ցանկացած ռետրո ոճի ճոխություն կգտնես ընկեր Մարգարյանենց տանը։ Ո՜նց կմնայի էդտեղ մի քանի օր։ Ու կմնայի հատկապես այն պատճառով, որ գիշերով տուն չգնայի։ Իրականում ոչ մի արտասովոր բան, միայն թե դասատուս վերջում ասում ա՝ ամեն դեպքում զգույշ կլինես, շները չհարձակվեն։ Հա՜, բա ոնց։

Ես՝ խեղճ, բազմազավակ ու միայնակ մայրս, վերադառնում եմ տուն, որտեղ ինձ են սպասում փոքրիկներս՝ մի քանի հաստափոր կենսաբանության շտեմարան, տետրեր, կենդանաբանության, բուսաբանության, բջջաբանության գրքերը։ Իրականում իրենցից և ոչ մեկը փոքրիկ չի, բայց ոնց ասում են՝ ամեն մոր համար նույնիսկ իր 30 տարեկան «յեքա էշը» փոքրիկ է։

Կենսաբանություն ես սիրում եմ։ Երբ գիտես, որ բջջի միտոքոնդրիումների ու պլաստիդների միջոցով ես էներգիա ստանում, երբ գիտես, որ մի փոքրիկ շարժում իրականացնելու համար ազդակը դառնում է գրգիռ, կենտրոնաձիգ նյարդերով փոխանցվում գլխուղեղի համապատասխան բաժին՝ մեծ կիսագնդեր՝ շարժողական գոտի՝ ճակատային բիլթ, հետո պատասխան ազդակը կենտրոնախույս նյարդերով ուղարկվում ծայրամասային օրգան՝ կմախքային մկաններ, ու վերջապես տեղի ունենում մկանների կծկում, երբ գիտես, որ երիկամում գտնվող նեֆրոնների պատիճներից դուրս եկող գալարուն խողովակը ծնկածալ է տալիս ու հենց էնտեղ էլ երկրորդային մեզ առաջանում, երբ գիտես, որ դու ընդամենը մեկ բջջից ես առաջացել՝ էն էլ ինչ դժվարությամբ՝ մեյոզ, միտոզ, գաստրուլացում, բլաստուլ, բջիջների մասնագիտացում, համապատասխան սպիտակուցների սինթեզ, քնած գեներ, մատրիցա… ու երբ գիտես, որ մատիտը, գրիչը կամ գնդասեղը չի կարելի մտցնել ականջի մեջ (պարապողները կհասկանան), մի տեսակ պատասխանատվություն է առաջանում մոտդ՝ կյանքդ լիովին ապրելու։ Չէ՞ որ էդքան գործ են անում բջիջներդ։ Միայն թե չգիտեմ էդ ամենի իմացությունը հոգեբանության բնագավառում ինչպես է պետք գալու ու ոնց եմ մտքերս հավաքելու՝ այցելուիս պրոբլեմները լսեմ, ոչ թե նկատեմ վահանաձև գեղձի մակերեսի մեծացումը ու առաջարկեմ յոդացված աղ օգտագործել։

Անգլերեն էլ շատ լավ գիտեմ։ Կենսաբանության պարապմունքներն անգլերեն երգեր լսելով եմ անում։ Դե, մերոնք չգիտեն, որ տանը Նապոլեոն են պահում։ Թխվածք։

Մեկ-մեկ պարապմունք անելուց առաջ նախապատրաստություն եմ տեսնում. համով բաներ եմ առնում, սուրճ եփում, ժամերով հարմար տեղավորվում անկողնուս վրա, խմում սուրճս, ուտում ռուլետը, պառկում քնելու։ Հետո երազիս մեջ ուսուցիչներիս տեսնում, ովքեր ասում են «ծն ծն ծն, մարդ չդարձար»։ Ի, բայց ես հենց մարդ եմ ծնվել, ի՞նչ դառնալ, մի րոպե, դառնալը բաղադրյալ ստորոգյալի հանգույց չի՞, ողնուղեղային հանգո՞ւյց, զգայական նեյրոնի մարմի՞ն, «ստուկ» տված ուղե՞ղ։ Կոֆե՞, քնե՞լ… Արժի։

Հ․Գ․ Ձվի օդախորշում ընդամենը մեկ անգամ ներշնչելու օդ կա։ Ձվից դուրս եկող ձագը ներշնչում է այդ օդը, էներգիա «ստանում», որ կարողանա կտուցով ջարդել կեղևն ու դուրս գալ։ Սա էլ օդախորշի կենսաբանական նշանակությունը։ Ինչքան մանրակրկիտ է մտածված աշխարհը, չէ՞…