Անհաղթահարելի ցանկություն

-Ան, Հասմիկի հետ գնալու ենք գրադարան էսօր, կարո՞ղ ա գաս։
-Հա, անպայման կգամ։

«Ջա՜ն, ինչ լավ ա, համ էլ ֆոտոներ կանեմ»,- մտածեցի ես ու իջա տուն` սպասելու Հասմիկի զանգին։
Կես ժամ հետո Հասմիկը զանգեց, և ես դուրս եկա տնից։ Ձյուն էր գալիս, ահավոր ցուրտ էր, բայց դա ինձ չէր խանգարում ֆոտոներ անելու համար։ Հասմիկն ու Օֆելը հեռվում կանգնած դողում էին, ու լսվեց Հասմիկի ձայնը.
-Ա՜ն, արագացրու, ցուրտ ա, հերիք ա նկարես։
-Հա, եկա, Հաս։
Մինչև ես նկարում էի, նկատեցի, որ ընկերուհիներս գնում են։
-Երեխե՜ք, սպասեք, գալիս եմ։
Վերջապես հասա աղջիկներին, էլի ֆոտոներ էի անում։ Հանկարծ նկատեցի, որ մենակ եմ, ոչ Հասմիկը կար, ոչ էլ Օֆելը, նույնիսկ չէին էլ երևում։
Ո՞ւր կորան`մտածեցի ու վազեցի առաջ։
Այնքան հաճելի էր մոտիկից «ծանոթանալ» գյուղիս հետ, այն էլ ձմռանը։ Գյուղում ամեն ինչ ինձ գեղեցիկ էր թվում, և ես չէի ուզում նույնիսկ մի պահը բաց թողնել։
Ահա հասանք գրադարան, վերցրեցինք մեր ուզած գրքերը և դուրս եկանք։ Գրպանիցս հանեցի հեռախոսս, միացրեցի տեսախցիկս և սկսեցի էլի նկարել։
-Ըհը, էլի հեռախոսը վերցրեց,- հոգոց հանեց Օֆելը և Հասմիկի հետ անցան առաջ։
Ահա մի նոր գեղեցիկ տեսարան՝ կովերի մի խումբ։ Բարձրացրեցի հեռախոսս, որ նկարեմ, մեկ էլ մի կով՝ գլուխն իջեցրած, աչքերը վրես հառած՝ մոտեցավ ինձ, նրան հետևեցին մյուս կովերը։
-Երեխե՜ք, կովերը՜,- վախից գոռացի ես ու փորձում էի դուրս գալ այդ լաբիրինթոսից։ Իսկ ընկերուհիներս հեռվում կանգնած ծիծաղում էին։
-Էդ նրանից ա, որ մեզ չես լսում: Ասեցինք էլ` արի մեզ հետ։
-Հա, վերջ էլ չեմ նկարի,- հաստատակամ ու վճռական ասացի ես։
-Ա՞ն։
-Հաս, էս մեկն էլ նկարեմ, ու վերջ: Սպասեք` գալիս եմ: