Անհայտ հասցե

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Մի քանի օր առաջ Կալավանում էին «Անհայտ հասցե» հեռուստախաղի մասնակիցները: Նրանք ժամանել էին այստեղ նկարահանումներ անցկացնելու: Հետաքրքիր մարդիկ էին: Նրանց թվում կային նաև հայտնի դերասաններ: Նկարահանումները տևում էին մինչև երեկոյան 6.30, դրանից հետո գյուղացիները կարող էին այցելել նրանց և տեսնել, թե ինչով են զբաղվում ազատ ժամանակ: Հա, մոռացա նշել, որ նրանք ամբողջ օրը գտնվում էին անտառում և անգամ գիշերում էին այնտեղ:

Մենք որոշեցինք այցելել «Անհայտ հասցեի» մասնակիցներին ու տեսնել, թե ինչով էին զբաղվում: Մենք լուսանկարվեցինք հայտնի դերասաններից մեկի հետ, չեմ ուզում բացահայտել, քանի որ ամեն ինչ անհայտ է՝ թող սա էլ մնա անհայտ: Մի փոքր մնացինք այնտեղ ու վերադարձանք տուն:

-Երեխեք, գիտե՞ք, որ Վիկ Դարչինյանը գալիս է էսօր,-հաջորդ օրն ասաց երեխաներից մեկը:

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

-Ո՞նց թե՝ գալիս է: Չեմ հավատում, հաստատ գալի՞ս է, չե՞ք խաբում, չէ՞:

Եվ իրոք, Վիկ Դարչինյանը եկավ: Նրան Դպրաբակ գյուղից դիմավորեց Ռոբերտ Ղուկասյանը: Ցավոք սրտի, ինձ բախտ չվիճակվեց տեսնել նրան: Շատ էր շտապում, բայց խոստացավ, որ էլի կայցելի Կալավան ու մյուս անգամ ավելի երկար կմնա:

Դե ինչ , վերադառնանք մեր «Անհայտ հասցեին»:

Տատիկիս տանն էի, երբ լսեցի անծանոթ ձայներ ու միանգամից դուրս թռա:

-Բարև Ձեզ:

-Վայ, բարև Ձեզ:

«Անհայտ հասցեից » էին: Երբ դուրս եկա, տատիկս արդեն նրանց հետ ջերմ զրույցի էր բռնվել, ու նրանց զրույցից հասկացա, որ ինչ-որ բաներ էին ուզում գնել:

Տատիկս, հարսիկս և ես նրանց հյուրասիրեցինք նոր թխած հաց, պանիր, որը պատրաստել էր տատիկս, և այգուց նոր քաղած լոլիկ ու վարունգ:

Նրանք տատիկիս ասացին, որ կվճարեն ամեն ինչի համար: Տատիկս ասաց, որ գումարի կարիք չկա: Նրանք վճարեցին միայն ալյուրի համար: Տատիկս դա էլ չէր վերցնում, ուղղակի ստիպեցին ու ասացին, որ դրանով իրենց միշտ հիշենք: Գրկախառնվեցին տատիկիս հետ, շնորհակալություն հայտնեցին ու գնացին իրենց «Անհայտ հասցեն»:

Նկարահանումներն ավարտվեցին, նրանք հեռացան այն մեքենայով, որով եկել էին. մեր գյուղի Սամվել քեռու 66-ով: Նրանք նախընտրել էին այդ մեքենան:

Գնալիս կանգնել էին տատիկիս տան բակում, վճարել ամեն ինչի համար: Դերասաններից մեկը, թող սա էլ մնա գաղտնի, պապիկիս հետ պապիկիս քաշած տանձի օղին էր խմել ու հրաժեշտ տվել: Ափսոս, այդ պահին այնտեղ չեմ եղել, որ անմահացնեմ այդ կադրը:

Նրանք եկան, հիացան մեր բնությամբ, հավանեցին մեր գյուղը և մի քանիսն էլ ասացին, որ անպայման էլի կայցելեն Կալավան:

Կալավանս, թեև հեռու, աշխարհից կտրված, բայց կամաց-կամաց հայտնի է դառնում: