tatevik aramyan

Անհայտ ճակատագիր

-Մա՞մ, բա էդ ո՞վ էր զանգել։

-«Կարմիր խաչից» Աշոտ քեռու հարցով էին զանգել, ԴՆԹ-ի անալիզ պետք ա վերցնեն։ Դե, հնարավոր ա՝ ինչ-որ մի տեղ գտնեն իրեն, ու հիշողության կորուստ լինելու դեպքում նույնիսկ կարողանան իմանալ, որ հենց ինքն ա։

Ու էսպես, արդեն 25 տարի է անցել էն օրվանից, երբ քեռիս մեկնեց ռազմաճակատ։ Ու ամեն զանգից մամայիս սիրտը վեր է թռնում։ «Երևի ինչ-որ նորություն կա Աշոտիցս»,- մտածում էր մայրս ու սկսում նորից պատմել այդ չարաբաստիկ պատմությունը։ Դե, ես էի, էլի, եսասերի նման անընդհատ հարցեր էի տալիս՝ գիտակցելով, որ մայրս էդ ամենը հիշելիս ցավ է զգում։ Ինչևէ, երևի էս 25 տարիները մի քիչ, շատ քիչ բթացրել են էդ ցավը։

Քեռիս մեկնեց ռազմաճակատ էն ժամանակ, երբ նորաստեղծ բանակ էր զորակոչվել իր միակ տղան՝ Արշակը՝ եղբայրս։ Դե, ոնց կարող էր հանգիստ նստել, եթե տղային արդեն բարձրացրել էին դիրքեր Քյալբաջարում (Քարվաճառում): Քեռիս թողել է ամեն ինչ իր որդու կողքին լինելու համար։ Նրանք կռվում էին նույն ճակատում։ Չորս ամիս էր, ինչ քեռիս հեռու էր տնից ու կռվում էր էս մի թիզ հողը պահելու համար։ Բայց․․․ Դեկտեմբերին գիշերը խոշոր հարձակում Ադրբեջանի կողմից․․․ Կռիվը անհավասար էր, և ադրբեջանցիները գրավեցին դիրքերը։ Երկու կողմերն էլ շատ զոհեր տվեցին։ Եղան նաև անհայտ կորածներ, որոնց մեջ էր իմ Աշոտ քեռին։ Դիրքերը հետագայում հայկական կողմը հետ վերցրեց։

Քեռուս գտնել չէր հաջողվում։ Սարսափում եմ պատկերացնել, թե ինչ մղձավանջի միջով է անցել մորս ընտանիքը՝ տատս, պապս, մորաքույրս։ Փոքր քեռիս էլ կորցրեց առողջությունը՝ դիակների մեջ նրան փնտրելով։ Անընդհատ ու ամենուր փնտրում էին քեռուս, ամեն անցնող զինվորի մեջ տատս տեսնում էր իր որդուն։ Եկավ մի ժամանակ, որ էլ չէին փնտրում, նրան տվեցին անհայտ կորածի կարգավիճակ։ Էս վերջերս էլ հուշաքար կանգնեցրին, վրան գրված․ «Աշոտ Համբարձումի Ներսիսյան», էլի էդ նույն գրությունը՝ անհայտ կորած։ Էդ արտահայտության մեջ միաժամանակ այնքան ցավ ու այնքան հույս կա․․․

Երևի անորոշությունից ու սպասումից անտանելի բան չկա, չէ՞։ Ու այդ սպասման մեջ հույսը անպայման պետք է ներկա լինի։ Երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ կարոտել ու սիրել մի մարդու, որին երբեք չեմ տեսել։ Հա, քեռ, ես հավատում եմ, որ դու ողջ ես ու մի օր կկարդաս գրածս։ Ես լի եմ լավատեսությամբ ու հույսով, ու գիտեմ, որ մի օր գալու ես, անպայման գալու ես։ Քո ընտանիքը, մենք քեզ սպասում ենք։