elada petrosyan

Անհանգստանում ենք

Ահա և աշնանային արձակուրդների մեկնարկը տրված է, և բոլոր աշակերտները պետք է հանգստանան, բայց մենք՝ 12-րդ դասարանի աշակերտներս, ցավոք, դրա իրավունքը չունենք:

Չենք կարող քնել գոնե մինչև ժամը 10-ը, չենք կարող մեր սիրելի ֆիլմերը դիտել, երաժշտություն լսել, և այս ամենի պատճառը պարապմունքներն են, տնային հանձնարարությունները, և դասե՜ր, դասե՜ր ու էլի դասերը:

Վստահ կարող եմ ասել, որ հանգստանալու փոխարեն՝ անհանգստանում ենք:

Այս ամենը բավական չէ, հանգստյան օրերին մեզ են միանում անձրևները և զզվելի ցեխը: Արդեն պարտադիր է դառնում շալակած տետրերի և գրքերի հետ միասին չմոռանալ նաև անձրևանոցը: Իսկ ցեխերն էլ մեզ անհարմար իրավիճակի մեջ են դնում, երբ կողքովդ անշնորհք ձևով անցնում է մի մեքենա և ջրափոսի մեջ ընկնելով՝ լողացնում անցորդներին: Պարապմունքից վերադառնալիս լողանալու կարիք է լինում:

Իսկ ինչ վերաբերում է ահանգստանալուն, կարելի է ասել, որ ես միայն հանգստանում եմ այն դեպքում, երբ կտրվում եմ բոլոր պարապմունքներից և 17-ի համար հոդված եմ գրում, կամ էլ մտածում՝ ինչ թեմաների կարելի է անդրադառնալ, ինչ հետաքրքիր մարդու հետ կարելի է հարցազրույց անել: Մի խոսքով, շնորհակալ եմ 17.am-ին, որ գոյություն ունի: Այն իմ աշնանային արձակուրդը իմաստավորում է և մի քանի ժամով կտրում ինձ պարապմունքներից: Դա օգնում է ինձ ավելի թարմ և սթափ մտածել:

Պարապմունքներից հոգնած, երբ նստում ես և բողոքդ պատմում թղթին… Ա՛յ, այսպիսի բան է ստացվում: