Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Անձնագրի կազմի հիմնախնդիրը

Մարդկային կյանքում և մեզ շրջապատող տիեզերքում կան բազմաթիվ անպատասխան հարցեր, անբացատրելի գաղտնիքներ և կենսական հիմնախնդիրներ, որոնք շարունակ ինձ հանգիստ չեն տալիս:

Այդ հարցերից մեկն է, օրինակ, թե ինչու մենք պետք է հանենք անձնագրի պաշտպանիչ կազմը օդանավակայաններում և դեսպանատներում: Ինչո՞ւ այդ հարցը չի բարձրացվում փիլիսոփայության դասագրքերում:

Անձնագրերը, առնվազն իմ առօրյայում, հիմնականում օգտագործվում են հենց դեսպանատներում և օդանավակայաններում: Այնտեղ տարբեր մարդիկ վերցնում են այն ձեզնից, տրորում են, քաշքշում, նշաններ անում դրա մեջ, թերթում էջերը, հոտոտում այն, մտցնում ինչ-որ լույսերի մեջ, քիմիական նյութեր կաթեցնում, շպրտում են օդ ու նորից որսում` ստուգելով դրա աերոդինամիկան, և երբեմն նույնիսկ հրաժարվում են վերադարձնել ձեզ («Ո՞րն է ձեր այցելության նպատակը, պարոն Բաղ…վռռ…դֆլդռ…սր…յան»):

Քանի որ լինում են տարիներ, երբ իմ անձնագիրն անցնում է մի քանի տասնյակ սահմանապահների ձեռքով, ես խիստ գնահատում եմ անձնագրի պաշտպանիչ կազմը` որպես մի հիասքանչ ու շատ կարևոր երևույթ հասարակական կյանքում: Նույնիսկ, և շատերը գուցե չհամաձայնվեն ինձ հետ, ավելի կարևոր, քան այֆոնի` փոմփոլավոր և ականջներ ունեցող պատյաններն են:

Այդ պատճառով ես ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչու է պետք անձնագիրը հանել կազմից հենց դեսպանատներում և օդանավակայաններում, որտեղ այն ամենից շատն է անհրաժեշտ: Դեսպանատներում դեռ ինչ-որ կերպ կարելի է դա հասկանալ. այնտեղ կարող են նույնիսկ կորցնել այն (անձնագիրը մեջը), բացի այդ` անձնագրի կազմը կարող է թաքցնել ձեր մութ մտադրությունները, երբ լրացնում եք վիզայի հարցաթերթիկը («Հարց 118. Երբևե մասնակցե՞լ եք ահաբեկչական գործողությունների այցելվող երկրում, կամ որևէ այլ երկրում, և արդյոք իրար հե՞տ են ապրում ձեր ծնողները – այո/ոչ/չեմ հիշում/միգուցե/հը՞/ոչ, բայց շուտով/ամուրի եմ – ընտրեք ճիշտ պատասխանը»), այդ պատճառով այնտեղ կարելի է սեղմել ատամներն ու հանել կազմը:

Բայց ինչո՞ւ օդանավակայանում: Մի՞թե ամենակարևոր տեղեկությունները գրված չեն անձնագրի ներսում: Թե՞ կազմի տակ սովորաբար թաքնվում է մի ամբողջ էմիգրանտ ընտանիք («Խնդրում եմ հետևել ինձ, պարոն Բաղդ…բաղ…սաղ…զավր»), կամ թե՞ առանց պաշտպանիչ կազմի նրանք կարող են ավելի հեշտությամբ պարզել, որ ես ճամպրուկովս թրաֆիքինգի անչափահաս զոհերի եմ տեղափոխում:

Ինչևէ, օրենքն այդպիսին է, ու ես ամեն անգամ Դանկոյի կրքոտությամբ ու ցավով դուրս եմ կորզում անձնագիրն իր պատյանից ու մեկնում այդ որբացած կապույտ գրքույկը անողոք սահմանապահներին: Եվ արդյունքում այն մեկ տարվա ընթացքում էլ ավելի մաշված տեսք է ստանում, քան եթե ընդհանրապես կազմ չկրեր: Եվ եթե ես չեմ փոխում անձնագիրը մեկ տարի հետո, այն հիշեցնում է Միջերկրական ծովը լողալով անցած ալժիրցի փախստականի ծննդյան վկայական: Առանց այդ էլ շատ երկրների օդանավակայաններում մեր անձնագրերը մոտավորապես հենց այդպես էլ որակավորվում են («Այս ի՞նչ տարօրինակ երկիր է: Խնդրում եմ պառկել գետնին և ձեռքերը դնել գլխի հետևում, պարոն Բաղ…զազազա…դը-դը…լավ, գնացեք»), այդ պատճառով որոշ սահմանապահներ, ուսումնասիրելով իմ` բռնություն ու կեղեքիչ ցավ տեսած անձնագրերը, այնպես են ինձ նայում, ասես ես ազատ ժամանակ սիրում եմ երեսուն հոգանոց մալայզիական ընտանիքի հետ նավի բեռնատար մասում լողալ դեպի Հոլանդիա ու ազգային տարազը հագիս բանան վաճառել փողոցներում:

Ո՞ւր են նայում մարդու իրավունքների պաշտպանները: Ինչո՞ւ մեծ մայրաքաղաքներում չեն կազմակերպվում պասպորտ-մայդաններ: Ի՞նչ է կարծում այս մասին Մահաթմա Գանդին: