susanna khotsanyan

Անձրևն արևային էր

Ֆիզիկայում ջերմափոխանակությունը տեղի է ունենում 3 եղանակով ՝ ջերմահաղորդում, ճառագայթում և կոնվեկցիա:

Կյանքում կա ևս մեկը ՝ ԺՊԻՏ։

Ժպիտի մասին հազարավոր նյութեր կարդացած կլինես, հազար ու մի հաճոյախոսություն լսած կլինես, որ քեզ, հա, հենց քեզ, ժպիտը շատ է սազում ու, որ ժպիտով ուրիշ ես, բայց  մեկ է, քայլում ես փողոցով լուրջ ու երբեմն էլ մռայլ դեմքով։ Իսկ մի՞թե քայլելիս ոչ մի ժպտալու առիթ չես որսացել…

Խնդիրները, այդ բարդ ու անլուծելի թվացող խնդիրները, շատ են ոչ միայն ֆիզիկայում,այլ նաև կյանքում։ Քեզ թվում է, թե դրանք անլուծելի են, բայց երբ սկսում ես մեկ քայլ առաջ գնալ, զգում ես, որ լուծել ես արդեն, ու լուծածդ հեչ էլ բարդ չէր: Եվ անմիջապես նորն ես գտնում՝ էլ ավելի խրթին, դժվար։ Կյանքում էլ է նույնը: Փոքր տարիքում ստուգողական գրելն էր բարդություն թվում կամ էլ մայրիկին համոզելը, որ թողնի բակ իջնես։ Հետո բարդ էր թվում բուհ ընդունվելը, հիմա հիշում ես՝ «ինչ լավ օրեր էին, ինչքան աշխատանք եմ կատարել, ինչ խելացի եմ», և այդպես շարունակ:

Կյանքի իմաստն էլ հենց այդ խնդիրները լուծելն է, որից հետո զգում ես, որ դրանք խնդիր չէին՝ այլ ուղղակի վարժանք` հաջորդ քայլերը հեշտությամբ հաղթահարելու համար։ Բայց եթե փորձես հենց հիմա ժպտալ, ի սրտե, հոգով, կկարողանա՞ս խնդիրը հիշել, որի պատճառով մռայլ էիր քայլում այսօր փողոցով, չէ՞ որ անձրևը արևային էր։