suren manukyan

Աննա

Նա կանգնած էր ժայռի եզրին։ Քամին խաղում էր նրա ալիքաձև վարսերի ու զգեստի փեշերի հետ։ Կյանքն այլևս չէր ապրում նրա մեջ։  Նրան թվում էր, թե վաղուց է մահացել։ Անկենդանությունն ու դատարկությունը յուրովի  էին երևակում դժոխքը նրա համար։ Կարմրած դեմքն ու թաց աչքերը մերթ ուղղվում էին հեռուն, դեպի երկինքը, մերթ էլ անդնդի ներքևում ճողփացող ջրերին։ Երկինքը պարզ էր ու գունատ։ Մերկ ոտքերն ու թեթև զգեստը տանում էին նրան անցյալ։ Այնտեղ, ուր նա երջանիկ էր։

Աննան 17 տարեկան էր, երբ ես նրան տեսա առաջին անգամ։ Նա ալիքվող շեկ մազեր ուներ ու մտազբաղ հայացք։ Նա գեղեցիկ էր։ Իր տարիքի համեմատ  շատ խելացի էր ու հասուն։ Նա երազանքներ ուներ։

Անցան տարիներ, ու ես տեսա նրան կրկին։ Պարզվեց, որ մենք սովորում ենք նույն համալսարանում։ Նա փոխվել էր, ասես ուժեղացել էր։ Կայուն։ Սիրում էր կյանքը և ավելի էր գեղեցկացել։

Այնպես ստացվեց, որ մենք հայտնվեցինք մի շրջապատում․ ընդհանուր ընկերներ, համակուրսեցիներ։ Ես մոտ չէի նրա հետ և իրականում՝ առանձնապես չէի ճանաչում նրան, բայց ամեն անգամ  տեսնելիս ինչ-որ բան իր հայացքում ինձ ձգում էր․․․ Այն պահին նա այնքան իրական էր։

Այդ ուժեղ ու կայուն բնավորության հետ մեկտեղ, արդեն տարիներ էր, ինչ նա իր սիրտը նվիրել էր մի տղայի․ անմոռաց ու անվերադարձ։ Ու այդ ժամանակ նա գեղեցիկ էր, քան երբևէ։ Այդ տղան մեր կուրսից էր։ Ես ճանաչում էի նրան ոչ ավել, քան Աննային։ Նրանց սիրում էին բոլորը։ Չգիտեմ էլ, ինչու, իմ դեմքին ժպիտ էր հայտնվում ամեն անգամ, երբ տեսնում  էի նրանց։

Մի օր իմացա, որ նրանք կռվել են։ Երկուսն էլ մի փոքր տաքարյուն էին։ Բայց ես կասկած չունեի, ես համոզված էի, որ դա ժամանակավոր է։

Երեկոյան Աննայի հեռախոսը զանգեց․

-Աննա ․․․ Բարև ․․․ Լսիր, այսպես չի կարող շարունակվել, ես գալիս եմ, որ խոսենք ․․․ Ես սիրում եմ քեզ:

Արցունքները հոսեցին Աննայի աչքերից․

-Ես էլ քեզ եմ սիրում, արի շուտ ․․․

Բայց այդ երեկո նա տեղ չհասավ։

Մենք բոլորս գնացել էինք նրա հուղարկավորությանը։ Մենք այնտեղ էինք։ Ես հիշում եմ Աննայի դեմքը։ Նրա աչքերը։ Նա կոտրվել էր։ Նրա սիրտը չկար։ Այն կորել էր ինչ-որ տեղ իր տան ճանապարհին։ Իսկ տղայի սիրտը անկանոն բաբախում էր Աննայի կրծքի տակ՝ մեկ ուժեղանալով, մեկ մարելով մինչև մոռացություն։

Ես որոշեցի, որ պետք է սատար լինեմ նրան, օգնեմ  հաղթահարել կամ գոնե չկործանվել այդ մղձավանջում։ Չգիտես ինչու, ինձ ձգում էր դեպի նա։ Թույլ տվեց ինձ հաճախ տեսնել իրեն, ժամանակ անցկացնել, բայց  այդպես էլ  չբացեց իր սիրտն իմ առջև։ Նա փորձում էր, անկեղծորեն ջանում էր պայքարել վշտի ու ցավի դեմ, բայց երբեմն զգում էի, թե ինչպես էին իր սեփական մտքերը գայթում ու տանում իրեն դեպի բոլորովին այլ իրականություն։ Ես այլևս նրա հետ չէի։

Մենք հիմնականում հանդիպում էինք նրա տանը։ Ֆիլմ էինք դիտում, ընթերցում էինք կամ ուղղակի զրուցում։ Այդ ամենի բարի հավելումն էր դարձել գինին։ Այն օգնում էր մեզ ցրվել։

Այդպիսի մի երեկո ես տուն էի վերադառնում, երբ ճամփի կեսին հիշեցի, որ ինչ-որ բան եմ մոռացել նրա տանը (հիմա անգամ չեմ հիշում` ինչ, բայց այն կարևոր էր, այդ իսկ պատճառով էլ ես հետ գնացի)։ Առանց թակելու ես իջեցրի բռնակը։ Դուռը բաց էր։ Մտնելով ներս, գտա նրան գինու շիշը ձեռքին։ Դեմքը կարմրած էր։ Աննան սրբեց արցունքները ու ասաց․

-Մի դատիր ինձ։

Ես նստեցի նրա կողքին։ Իհարկե,  չէի կարող դատել նրան, բայց մի՞թե այն, ինչ տեսել էի, նորմալ էր։ Նորմալ չէր վերջերս ոչինչ։ Չգիտեմ։ Համենայն դեպս մի փոքր լուռ մնալուց հետո նա ինձ ասաց․

-Ինչի՞ համար է այս ամենը։

Ես քարացել էի, ուզում էի մի բան ասել, պատասխան տալ, բայց ամեն մի միտք, որ ծնվում էր իմ մեջ, մահանում էր միանգամից, որովհետև այդ պահին  վախենում էի անմիտ երևալ, վախենում էի,  կմտածի, թե երբեք չեմ հասկանա իրեն, ու կվանի ինձ։  Ես լուռ մնացի։ Նա ծածուկ ժպտաց․

-Դու լավն ես, բայց ես կորցրել եմ հավատս:

․․․ Ու կրկին ես լուռ էի։ Համենայնդեպս, դրա համար զղչում եմ ամենից շատ։ Քանի որ  պատասխան էր սպասում ինձնից,  ելք էր ակնկալում, ես նրա միակ հույսն էի։ Իսկ ես լուռ էի ․․․

Ես սպանեցի նրա վերջին հույսը։

Աննան գերազանց էր սովորում ․․․ Մինչև այդ դեպքը։ Հաջորդ կիսամյակը նա ավարտեց մի կերպ, ցածր գնահատականներով, իսկ դրան հաջորդող տարում  լքեց համալսարանը։ Ամեն ինչ գլորվում էր ներքև, նա փորձում էր աշխատանքի տեղավորվել, ցրվել, մոռանալ, նորից ապրել, բայց ․․․ Մեռած տղայի սրտից բուսած փշերը տարածվել էին նրա օրգանիզմում։

Անքուն գիշերներ, ալկոհոլ, թափառումներ մինչև առավոտ։

Ես չէի կարողանում օգնել նրան, ես չգիտեի, թե ինչպես կամ գուցե չէի համարձակվում։ Նա կամ օրերով դուրս չէր գալիս տնից, կամ տուն չէր վերադառնում օրեր շարունակ։ Ու չկար մեկը, ով կօգներ նրան։ Ծնողները վաղուց էին մահացել։ Նա մենակ էր, իսկ այն ուժեղ բնավորությունը կոտրվել էր անսահման սիրո գերեզմանում։ Նա անում էր ամեն ինչ, որ մոռանա, բայց օգուտ չկար․ մոռացության ժամերից հետո հնչում էին հին մեղեդիները, բայց ավելի ուժգին։

Ու վերջապես նա այնտեղ էր, ժայռի եզրին։ Այնտեղ, ուր հաճախ էր լինում ընկերոջ հետ։ Նա կյանքի ու մահվան սահմանին էր, որտեղ գուցե հայտնվել էր վաղուց։ Իսկ ես ուղղակի հետևել էի դրան։ Բոբիկ ոտքերը դիպչում էին սառը ժայռերին։ Արցունքների մանր կաթիլները հոսում ու կորում էին անհատակ անդունդում։ Նա այլևս չկար, քամի էր, մեղմիկ սուրացող քամի, որում կրկին լսվում էր սիրած տղայի ձայնը․

-Ես սիրում եմ քեզ։

Ինձ հանձնեցին մի երկտող.
«Քեզ հետ անցկացրած րոպեները կտրում էին ինձ ցավից ու իրականությունից, բայց երբ դու էլ էիր գնում, ես ավելի մենակ էի մնում անտանելի ցավի ու միայնության հետ»։