vahan chobanyan

Անսահմանից սահմանափակը

Մեր այցելություններից, արշավներից, էքսկուրսիաներից ավելի շատ նկարներ ենք տանում մեզ հետ, քան զգացմունքներ, հույզերը խառնում ենք օբյեկտիվին, հիացմունքը լղոզում էկրաններին։ Մեր հեռախոսներում ավելի շատ հիշողություն է զբաղեցվում, քան մեր ուղեղում։ Հեռախոսի նկարելու կոճակն ավելի արագ է կտկտում, քան մեր սիրտը, երբ արտասովոր ինչ-որ բան ենք տեսնում։ Նկարում ենք, կորցնում վայելքի թանկ վայրկյանները, հետո սրտնեղում, թե նկարը վատն է։ Իսկ եթե լավագույն դեպքում հաջողվում է լավ նկարել, ու եթե բախտը ժպտա, ու նկարը չջնջենք, առավելագույնը, որ կկարողանան կլանել մեր աչքերը հեռախոսի, բայց ոչ նկարի լույսն է: Իսկ նկարվելն ընդհանրապես վերածվում է խորհրդավոր ծեսի։ Մենք նկարում ենք ամեն ինչ. ժպիտ` դեմքներիս, քամի` մազերի մեջ, գոհունակություն` աչքերում։ Ու նկարվելուց հետո էլ երբեք չենք հանդիպում այդ խորհրդավոր կերպարին: Միայն մեր նկարներում, տարին մեկ, փոշոտված ալբոմի խունացած էջերում։

Նկարներ կան, որ հիշողություն են: Կհիշե՞ք ժապավենով ֆոտոխցիկները։ Այ դա ուրիշ է, նկարվելու ուրիշ պատմություն, «հների» ուրիշը։ Իմ մանկության նկարներն էլ են այդ ժապավենների ծնունդը։ Ամենասահմանափակ ռեսուրսներից մեկն էին այդ ժապավենները։ Մենք գիտեինք, որ հարյուրավոր նկարներ անելու հնարավորություն չունենք, ուրեմն պետք էր նկարվել ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին։ Լավ ու վատ անելու, ջնջելու, տեղ ազատելու հնարավորություն էլ չկար։ Այ այդ նկարներն իսկապես ծնվում էին, այդ նկարներին բոլորը սպասում էին, ու այդ նկարներն իսկապես ստիպում էին մեզ հիշել։

Ժամանակներն անցան, ժապավենները անցան։ Եկան նոր տեխնոլոգիաները։ Բայց քանի դեռ դրանց հնարավորությունները ձգտում են անսահմանության, մեր հնարավորությունները, ընդհակառակը, ձգտում են սահմանափակության։