eva khechoyan

Անսահմանության սահմանները

Դու ապրում ես կյանքերի կյանքը՝ ամենավառ գույներով ու զգացողություններով լցված: Ապրում ես մի կյանք, որ այլևս երբեք չի կրկնվելու երկրի վրա: Միգուցե այն երբեմն միապաղաղ թվա, հազարավոր ուրիշ կյանքերից ոչնչով չտարբերվող, բայց անպայման կգտնվի մի փոքրիկ, թանկարժեք մանրուք, որ զարդարում է միայն քո կյանքը, կգտնվեն ժամանակից ու տարածությունից դուրս դրվագներ, որոնք միայն դու ես ապրել:

Եթե մի պահ փակես աչքերդ՝ այդ լուսավոր դրվագներն իրար հաջորդելով կանցնեն՝ համոզելով քեզ, որ եզակի են ու բնորոշ միայն քո կյանքին: Փակիր աչքերդ… Հիմա կանցնի մորդ անմնացորդ սիրով ու քնքշությամբ լցված հայացքը՝ միակ հայացքը, որ մի ակնթարթում կարող է փոշիացնել տագնապն ու վախը: Հետո կտեսնես հորդ ձեռքերը… Այն արդար ձեռքերը, որոնք  պահել ու մեծացրել են քեզ: Կտեսնես քո կրտսեր քրոջ կամ եղբոր հրեշտակային աչուկները, որոնք նայել են քեզ, որպես ավագի, ու օգնություն են փնտրել քո աչքերում:

Իսկ ինչո՞ւ եմ անընդհատ խոսում աչքերի մասին: Աչքերը հոգու արտացոլանքն են: Աչքերն իրենց մեջ են ամփոփում քո ամբողջ էությունը, հաղորդում են ցանկացած միտք ու զգացողություն: Խոսում են առանց բառերի, ու անկախ քեզանից, մատնում ճշմարտությունը:

Աչքե՜ր, աչքեր… Մարդկային աչքերում անդունդ է թաքնված, օվկիանոս, տիեզերք… Սա է մեզանից յուրաքանչյուրին յուրահատուկ դարձնում՝  անսահմանության այն եզակի տեսակը, որ ամփոփված է մեր աչքերում: Այդ անսահմանությունով է պայմանավորվում մեր աչքերի անսովոր փայլը, քանզի եթե խորանաս այդ փայլի մեջ՝ կհասկանաս, որ աչքերում մի ամբողջ աստղազարդ երկինք է թաքնված՝ շքեղ ու անսահման: