Anahit Ghazakhetsyan

Անսովորի մասին

Սա սովորական փոքրիկ խոհանոց է:

Սովորական սեղան, չորս աթոռ, կիսամթություն ու դեղին լամպ:

Սա սովորական կիտրոնով թեյ է:

Ու սովորական բաժակ:

Որից սկզբում սովորական գոլորշի է բարձրանում:

Լեզուն վառելու սովորական երևույթն է, որ ամեն անգամ կրկնվում է:

Այստեղ սովորական համակարգիչ է դրված, որտեղ հազար ու մի ցնդաբանություն կա՝ նկարների, պոեմների, գրքերի տեսքով: Սա ամենասովորական համակարգիչն է, որը բացելիս մտքիդ ծայրով անպայման միշտ նույն բանն է անցնում: Կամ նույն մեկը:

Այստեղ սովորական գազօջախ կա, որը վառված է, որովհետև այսօր ցուրտ է: Կրակի վրա թեյնիկ կա, որը պարզապես չի կարող չլինել:

Այստեղի մենակությունը սովորական է, որովհետև մենակությունը երբեք, միշտ հիշիր, ախր, երբեք անսովոր չի լինում: Մեր մարմնի, հոգու, տան ձևերը սովորում են դրան, ու չլինելու դեպքում մենք անգամ ստեղծում ենք այն:

Սեղանի դիմաց սովորական պատուհան է, որտեղից երևում է աշխարհի ամենասովորական քաղաքը: Բայց դու կարծես սովոր ես այդ քաղաքին: Կարծես դու ծնվել ես այդտեղ ապրելու համար, ու կարծես քո մարմինը հաշվարկված ճշգրտությամբ համապատասխանում է սալահատակին, տրոլեյբուսին, կինոյի հին շենքին:

Սա սովորական միհոգանոց երեկո է:

Այստեղ հայելի կա, որի մեջ արտացոլվողի սանրվածքը մեկ-մեկ փոխվում է: Ուրիշ ոչինչ:

Սրանք սովորական հիշողություններ են, իսկ խոհանոցի էդպես էլ չանջատվող լույսը՝ դրանց սովորական հետևանքը:

Այստեղ հաճախ միանում է “Can’t get out of my head” երգը: Այստեղի պատերը նույնիսկ հուշում են այդ երգի մասին:

Սա օդը կտրող սովորական թախիծ է, որին ամեն օր ձեռքով ես բարևում:

Փռշտոց՝ առանց առողջություն ասելու ակնկալիքի:

Սրանք կյանքին կապող հերթական ամենասովորական տողերն են, ամենասովորական բաները, որոնք կարող էի ասել: Որոնք հնարավոր է լսել: