Ani asryan

Անսպասելին

Մի պատմություն հայրենիքիս կյանքից…

«Բալա՛ս, տուք պատերազմ տեսած չեք, ու էտ շատ լավ ա» խոսքերը լսում էր յուրաքանչյուր պատանի: Այս խոսքը կլսեինք տատիկներից կամ պապիկներից, որոնք հնչում էին նույն կերպ, մի երանգով: Այսօր մենք պատերազմ չենք տեսել: Պատերազմն այն է, երբ կռվում են մարդիկ, իսկ մեր տեսածը պատերազմ չէր, այլ տեխնիկայի կռիվ էր:

Լրանում է մեկ տարին: Կատարվեց անսպասելին: Կեսգիշերին սկսվեց տեխնիկայի պատերազմը և ավարտվեց 4 օր հետո կամ նույնիսկ չավարտվեց: Եթե այս վիճակը կարելի է համարել ավարտ, ուրեմն ավարտվեց: Ուզում էին տեխնիկայի միջոցով տարածք գրավել: Տարա՛ծք, որի համար խլվեց 97 երազանք, նպատակ, 97 կյանք: Խլեց այն պատանիների կյանքը, ովքեր նպատակներ ունեին ծառայությունից զատ: Տարավ մանկան այն սերը, որ պետք է զգար հորից: Դեռ չծնված մանուկները մնացին որբ: Կորցնելով հայրիկին՝ կորցրեցին ծնողական սիրո մի մասը: Հո՞ղ են ուզում: Բայց չէ՞ որ այն միայն հողակտոր չէ: Այնտեղ են հանգչում մեր 97 անպարտելի մարտիկների հոգիները: Այդ հողակտորի, այդ փոքրիկ տարածքի վրա արյուն կա հայ մարտիկի: Բազմաթիվ կորուստներ կրելուց անգամ չնահանջեցին: Կարծում էին անպարտելի՞ են, բայց չէ՞ որ հայն ունի անկոտրում ոգի և միշտ հզոր է:

3 օր հետո հրահանգ արձակվեց, որ հրադադար է: Ըստ հրադադարի նշանակության, այլևս կրակոցներ չպետք է լինեին, բայց մի՞թե այդպես էր: Չէ՞ որ քառօրյայից հետո սահմանին կրկին զոհեր ունեցանք: Օր օրի ավելանում են որդեկորույս մայրերը, իսկ պատերազմը շարունակվում է:

Զարկեց 2017 թվականի զանգը, ազդարարելով նոր տարին, բայց նոր տարին դիմավորեցինք փամփուշտներով ու նոր զոհերով: Այս անգամ ևս փորձեցին նոր ապրիլ բերել, սակայն չստացվեց, որովհետև մեր զինվորները պատրաստակամ էին և այս անգամ ապրիլը թշնամու սահմանին էր այցելել: Թվում է՝ վերքերը սպի են դարձել: Գիտե՞ք, սպիները ավելի ցավոտ են լինում և հիմա էլ է այդպես: Յուրաքանչյուր ծնող այսօր էլ սգում է որդու կորուստը:

Մեկ տարի, շրջելու ենք հայրենիքի կյանքի ևս մեկ էջ, անմոռանալի էջ: Երբ ցանկանանք մի քանի էջ հետ գնալ, այս մեկը միշտ տեսնելու ենք, իսկ երբ որոշենք առաջ վազել, մի պահ կսգանք՝ հենց այս էջը հիշելով:

Ամենքս մեր պարտքն ունենք հանձնելու այն ծնողներին, ովքեր զինվոր կորցրեցին՝ մեզ պաշտպանելիս, որպեսզի այլևս չհանդիպենք այն անսպասելիին: Պետք է փորձենք պահպանել այն փոքրիկ հողակտորը, որը կցվել է մեր սրտին, մեր Հայաստանի կարևոր մասնիկը: