mane antonyan

Անվերնագիր

(Այնտեղ, որտեղ կա գեղեցիկ վերնագիր, ոչ միշտ կա հոգի)

Որտեղ կա մարդ, այնտեղ կա բաժանում…

Ասում են, պատասխանատու ես նրանց համար, ում «ընտելացրել» ես քեզ։ Պատասխանատու ես… Բայց ո՞ւմ առաջ, խղճի՞դ… Քո խիղճը երբեք քեզ պատասխանատվության չի ենթարկի. մարդը միշտ մոռանում է խղճի վրա ծանրացած հիշողությունները։

Ձմռան ցուրտ առավոտ էր։ Հաստ վերարկուների մեջ փաթաթված ու դողացող մարդկիկ շտապում էին Աստված գիտի, թե ուր… Ես էլ սովորականի նման դասի էի շտապում։ Գլխումս մի երաժշտություն էր պտտվում, հենց այդ երաժշտության տակտով էլ քայլում էի. ասես զինվորական մարշ լիներ։

Մտքերով ընկած հասա մի կանգառի, միայն ես էի ու մի զինվորական։ Երևի զինվորն էլ էր մրսում, բայց զինվորականին վայել զգաստությամբ էր կանգնած, ու այնպիսի տպավորություն էր, թե ցուրտն իրեն «ձեռք չի տալիս»։

Չգիտեմ որտեղից մի փոքր կատվի ձագ հայտնվեց, այնքան փոքր ու «համով» էր, որ ուզում էի գրկել (այսուհետ նրան կանվանեմ Փափուկ)։ Չնայած, որ իմ կանգառը չէր, ու կանգնել-մնալու համար էլ «նպաստավոր պայմաններ» չկային, մեկ է, մնացի տեղումս ու սկսեցի հետևել Փափուկին։ Փափուկը առանց վախենալու մոտեցավ մեր «ծանոթ» զինվորին և սկսեց ոտքերի շուրջը պտտվել, մի քիչ խաղաց ու վերջում էլ զինվորի ոտքերի վրա հարմարվեց։ Զինվորը սկզբում ուզում էր մի կողմ տանել նրան, հետո «քարե սիրտը» հալվեց, որոշեց խեղճ Փափուկին չնեղացնել։

Մի քանի րոպե էլ չէր անցել, մեկ էլ մի ավտոմեքենա կանգնեց. զինվորի հետևից էին եկել։ Նա զգուշությամբ Փափուկին մի կողմ տարավ, ու ձեռքի պայուսակը տեղավորեց մեքենայի մեջ, իսկ կամակոր Փափուկը ուշքի գալով մոտեցավ նրան ու ճանկերով կպավ շալվարից։ Զինվորը վերջին անգամ շոյեց Փափուկի գլուխը, ժպտաց ու իջացրեց նրան ցած։

Երբ մեքենան գնաց, ձագուկը նստեց ու սկսեց թախծոտ հայացքով նայել դեպի հեռուն՝ այն ճանապարհի երկայնքով, որով գնացել էր իր բարեկամը։

Վատն այն է, որ կյանքում էլ կան «զինվորներ» ու «փափուկներ»… Փափուկները կապվում են զինվորների հետ, իսկ զինվորները թողնում ու գնում են։ Փափուկներին էլ մնում է միայն նստել ու սպասել «բարեկամներին»։

Ու ընդհանրապես, կյանքում մենք շատ բարեկամների ենք սպասում, ովքեր չեն գալիս, իսկ մենք հույս ենք ունենում ու մեզ խաբում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու…