Լուսանկարը՝ Լաուրա Սահակյանի

Հեղափոխության անտեսված կողմը. արձագանք

vahagn gishyanՆարե Շարմազանովային 

Նար ջան, բարև։ Մենք ծանոթ չենք, ցավոք, բայց ես համենայն դեպս քեզ մեծ անհանգստություն եմ պարգևել։ Ես էլ եմ ցուցարարներից մեկը։ Ես էլ եմ պայքարել Հեղափոխության համար, և ինչպես հասկանում եմ, պայքարել եմ նաև քո դեմ։ Ես ներողություն եմ խնդրում քեզ վիրավորելու համար, սակայն Հեղափոխության համար՝ ես միայն հպարտ եմ։

Երեկ կարդացի քո հրապարակումը 17.am-ում։ Անկեղծ հուզվեցի ու շշմեցի։ Բառեր չէի գտնում արտահայտվելու համար։ Գիշերը չքնեցի՝ մտածում էի քեզ գրելու մասին և քո ներումը հայցելու։ Եթե մենք հեղափոխեցինք Հայաստանը, ապա քո գրառումը հեղափոխեց ինձ։ Ապրիլյան այս գրեթե ամենօրյա պայքարում ես երբեք չեմ մտածել քո և քեզ նման երեխաների մասին։ Քո հայրը լինելով ՀՀԿ-ի ամենավառ դեմքերից մեկը, երևի արժանացել է ամենավիրավորական հայհոյանքներին, և ես ներողություն եմ խնդրում դրա համար։ Սա «Սիրո և Համերաշխության» պայքար է և շարունակում է այդպիսին լինել։ Եվ այս պայքարը պետք է ավարտվեր ՀՀԿ-ի ջերմ ծափահարություններով ամենաուշը մայիսի 1-ին, այն բանից հետո, երբ այդ 56 հոգին կքվեարկեր կողմ։ Այս պայքարը պետք է ավարտվեր Հրապարակում, որտեղ ես, դու և ընդհանրապես բոլորս միասին կքայլեինք և կտոնեինք այս օրը, որպես առաջին քայլ դեպի Նոր Հայաստան։

Սա Վենդետա չէր, սա ձգտում էր հավասարության և արդարության։ Սա Պայքար էր հանուն մեր իրավունքների։ Սա պայքար էր հանուն մի Հայաստանի, որտեղ սահմանապահ գյուղացին չէր արթնանա այն մտքով, որ հարևան սենյակներից մեկում գիշերային հերթական կրակոցներից կարող է մահացած գտնել իր երեխային, եղբորը, քրոջը, կնոջը, ծնողներին…

Սիրելի Նարե, քո վրդովմունքը դա մեկ ամսվա պատմություն է, իսկ պատկերացրու մարդկանց, ովքեր այդ հիասթափությունը, վրդովմունքը վերապրում են ամեն օր՝ սահմանին։ Սահմանին չես եղել երևի։ Պատմեմ իմ տեսած ամենաողորմելի տեսարանի մասին։ Տեսած կլինես էդ կիսաշեն կամ դեռ ավերված շենքերը, հենասյուներով ու արմատուրայով։ Պատկերացրու ապրես այդտեղ։ Թոզաքարի ու փոշու մեջ։ Առանց լուսամուտների ու առանց դռների։ Ու պատկերացրու, որ ապրում ես այդտեղ ոչ թե մի քանի օր, այլ ողջ կյանքդ։ Պատկերացրու, որ ջուր խմելու համար պետք է գնաս խմես պուլպուլակներից։ Հացը կլինի քեզ փեշքաշ, եթե էդ օրը գոնե մի կտոր կարողանաս գտնել։ Ես հույս ունեմ, որ դու երբեք չես ունենա այդ կարգավիճակը և կապրես բարեկեցիկ կյանքով։

Վստահ կարող եմ ասել, որ ցույցերի չես եղել։ Ես կցանկանայի մի ուղղում մտցնել, հատկապես պարոն Շարմազանովի խոսքին, որ իշխանությունները ցուցաբերել են բացառիկ հանդուրժողականություն։ Դա դեռ այն բանից հետո, երբ Բաղրամյանի վրա կրակում էին իմ և իմ ընկերների, քույրերի և եղբայրների վրա, այն բանից հետո, երբ կարմիր բերետավորները բերման էին ենթարկում մեզ, առանց ներկայանալու, առանց պատճառներ ասելու, պարզապես բռնի ուժով քաշում էին մեզ։ Այն բանից հետո, երբ քաղաքացիական հագուստով մարդիկ մոտենում էին մեզ, ուզում էին նստեցնել ոչ պետական համարանիշներով մեքենաներ և հեռանում էին այն բանից հետո միայն, երբ գոռում էինք՝ մեզ առևանգում են, ու կողքի շենքերից մարդիկ էին իջնում մեզ օգնության։

Թույլ տուր մի բան պատմեմ։

Ամսի մեկ։ Դեռ Նոյեմբերյանում եմ։ Առավոտյան արթնացա 5։30, 6-ին՝ 6։30 դուրս գալու համար, որպեսզի գամ Երևան։ Բարեբախտաբար, ճանապարհները բաց էին։ Հասա ժամը 10-ին։ Ընկերներս գյուղում էին։ Էդ օրը մի մարդ քաղաքացիական հագուստով կնոջ հետ մոտեցավ ինձ։ Ասաց.

- Էդ դու էիր, չէ՞։

Չհիշեցի՝ ով է, չհասկացա ինչի մասին է խոսքը ընդհանրապես։

Պատասխանեց.

- Բաղրամյանի վրա ես էի քեզ խփել։

Հիշեցի։ Գրկեցին ինձ, ու սկսեցին երկուսով լացել։ Իսկ ես չգիտեի՝ ինչ ասեմ։ Բաղրամյանի վրա, կրակելուց առաջ, մի ոստիկան ինձ խփեց մահակով, ոչ էդքան ուժեղ։ Որպես պատասխան ես ու իմ ընկերը քաշեցինք մեզ մոտ։ Առանց խփելու վահանն ու մահակը վերցրինք, ու ես իրեն ասի.

-Հիմա դու էլ իմ նման անպաշտպան ես, բայց ես քեզ չեմ խփում: Մի արյուն ենք, գնա, վահանդ հետ կտանք հետո։

Նարե ջան։ Էս կյանքում դու «այլ» ընկերներ չունես։ Քո ընկերները միայն քո ծնողներն են, քո հարազատ քույրերը, եղբայրները և վերջ։ Այլևս ոչ ոք քեզ ընկեր չէ։ Որքան էլ դուք մտերիմ չլինեք, դա պարզապես ժամանակի և դեպքերի հարց է։ Հիմա հասկանում եմ, դու դեռ փոքր ես, բայց ուզում եմ հասկանաս, որ դա միայն ժամանակի հարց է։ Ես էլ եմ ունեցել մտերիմ ընկերներ։ Շատ մտերիմ։ Ում ես համարում էի ինձանից անբաժան։ Մարդկանց, ում ես վստահում էի ամեն ինչ։ Մենք անցկացնում էինք ամեն րոպեն ու ամեն պահը միասին, իսկ եթե ես գնում էի գյուղ, ապա մեր հեռախոսների մեջ վերջանում էին րոպեները։ էսօր մենք չենք էլ բարևում ու նկատում միմյանց։ Տարբեր պատճառներով։ Ու, հա, դեռ ունեմ ես էլ «ընկերներ», սակայն նրանք էլ ժամանակի հարց են։

Դու ապրել և մեծացել ես հանրապետական ընտանիքում ու համարում ես ՀՀԿ-ն ամենաճիշտը։ Ես ծնվել եմ և մեծացել եմ Նահապետական ընտանիքում ու համարում եմ Նահապետականությունը ամենաճիշտը։ Բայց և այնպես, ես առաջարկում եմ քեզ և քո ընկերներին՝ իմ և իմ ընկեր ցուցարարների հետ միասին այցելել որևէ սրճարան, որպեսզի այդ կերպ քո և քո ընկերների մեջ արթնացնենք մեր Սիրո և Համերաշխության հեղափոխությունը:

Հ.Գ.
Այն, որ որոշ մարդիկ քեզ պիտակ են կպցրել միայն նրա համար, որ դու ՀՀԿ-ի աղջիկ ես, դա միայն ցույց է տալիս նրանց անմակարդակությունը, և որպես հայ՝ հայի, խորհուրդ կտամ նրանց ուշադրություն չդարձնես։

Եթե ի վերջո համաձայնվես մեզ հետ դուրս գալ, կարող ես գրել իմ ֆեյսբուքյան էջին։
https://www.facebook.com/vahagn.gishyan

Սիրով՝ Վահագն Գիշյան