arevik mkrtchyan syunik

Անտեսված տունը

Տունը, որի մասին ուզում եմ պատմել, գտնվում է Շաղատ գյուղում: Այն տատիկի մայրիկի տունն է: Մեր տանը շատ էին խոսում, պատմում դրա մասին: Ես շատ էի ուզում գոնե մեկ անգամ տեսնել այն: Տատիկս ցավով է պատմում տան մասին, որովհետև ծնողները չկան, նա հենց այդ տանը կորցրեց իր քրոջը և եղբորը: Հիմա այն ավերակի է վերածվել: Ես շատ խնդրեցի հայրիկս, որ ինձ գոնե մեկ անգամ տանի այնտեղ:

Տանը դաս էի անում, երբ հայրիկս ասաց, որ գնում է Շաղատ: Ես անմիջապես վեր թռա տեղիցս և հայրիկիցս շուտ նստեցի մեքենան: Ճանապարհին ես մոմ գնեցի, որովհետև տատիկս ասել էր, որ այնտեղ մի փոքր մատուռ կա, որտեղ մոմ են վառում: Շուտով տեղ հասանք: Ես շատ մեծ ցավ ապրեցի, երբ տեսա փլված, քարուքանդ եղած, թալանված տունը: Տուն, որը գտնվում էր գետի ափին՝ փոքրիկ այգով, Լուսիկ տատիկի և նրա ամուսնու ձեռքով կառուցված փոքրիկ մատուռով: Ամուսինը Գերմանիայում պատերազմի վերջին օրը՝ մայիսի 9-ին, կորցրել էր ձեռքը: Այդ ամենն իմանալով՝ ես նույնիսկ սկսեցի մեղադրել տատիկիս և նրա եղբորը, որ իրենց հայրական տունը անտեր են թողել: Մի՞թե չէին կարող այնպես անել, որ տունը չքանդվեր: Մեկ էլ մտածում եմ, որ եթե ես եմ ցավ ապրում այդ ամենը տեսնելով, ի՞նչ է զգում տատիկս:

Ես հայրիկիս խնդրեցի, որ գոնե թեթևակի վերակառուցի այդ տունը: Նա ինձ խոստացավ կատարել խնդրանքս: