Անցորդներ

Լուսանկարը՝ Մարինա Աբրահամյանի

Լուսանկարը՝ Մարինա Աբրահամյանի

Այդքան ծանոթ բարևը

Մի անգամ քայլում էի փողոցով ու տեսա ինձ  ծանոթ մեկին, բայց երկուսս էլ չբարևեցինք միմյանց: Շատ էի ազդվել ու անդադար մտածում էի, թե ինչու չբարևեցի նրան:
Ախր շատ վատ էր, այնպես անցանք իրար կողքից, որ կարծես չէինք էլ ճանաչում միմյանց:
Հավատացեք, շատ նեղվեցի ու հետո էլ հասկացա, որ մենք հաճախ չենք բարևում իրար:
Ինչո՞ւ:
Բարև: Սա այն յուրահատուկ բառերից ու երևի թե մարդու ստեղծած ամենագեղեցիկ ու խորիմաստ բառն է: Բարի և արև բառերից կազմված այս բառը, չգիտես ինչու դարձել է մեր անբաժան մասը: Մեր պապերը կամենում էին բարություն և տալիս արևը բոլորին, ավելի ճիշտ նրանց, ում ճանաչում էին: Բարև-ը հաճախ մեզ երջանկացնում է, մենք սպասում ենք ակամա այդ բարևին, բայց գուցե նաև մենք այդ բարև-ը ասում ենք մարդկանց քաղաքավարությունից դրդված, երբեմն անգիտակցաբար, ու ցավոք մարդիկ դա չեն նկատում:
Ուզում եմ, որ մարդիկ ասեն` բարև, ոչ թե այն պատճառով, որ ճանաչում են այդ մարդուն, այլ նրա համար, որ բարին են կամենում: Ուզում եմ, որ յուրաքանչյուրս գնահատենք այդ բարևը, թեկուզ չգիտենք ինչու է այդ բառը հնչում դիմացինի շուրթերից, բայց ոչինչ պատահական չի լինում: Այն գուցե և կերջանկացնի որևէ մեկին, այդ բարևը օգնում է մարդուն հասկանալ, որ նրան սիրում ու նկատում են, որ նա կարևոր է:

Անահիտ Հակոբյան, 14տ., Գյումրի

***

Մի փոքր ժպիտ

Քայլում ես փողոցներով ու տեսնում մարդկանց տխուր ու դժգոհ հայացքները: Շատ քչերի դեմքին կտեսնես ուրախ ու բավարարված հայացք: Վատն այն է, որ գիտակցում ես, թե այդ հայացքների տակ ինչ է թաքնված: Ուզածս մի փոքր ժպիտ է… Դժվար չէ կոտրել դեմքին ընդգծված այդ տխրությունն ու սառնությունը: Պետք է ընդամենը թողնել այդ տխրությունը սրտի խորքում ու մարդկանց մեջ ժպիտով կանգնել ու կամեցող հայացքով նայել: Ուզում եմ, որ մարդիկ չչարանան միմյանց հանդեպ, բարություն ու սեր եմ ուզում: Չեմ ուզում, որ մարդկանց սրտերում նախանձ ու բարկություն լցված լինի: Կարևորը, որ մենք կամքի ուժ ունենանք և լավատես լինենք: Մի կողմ թողնենք սրտերում կուտակված բարկությունը: Նայենք մեր շուրջը ու կտեսնենք, որ եթե կան վատ հանգամանքներ, որոնք մեզ տխրեցնում են, ապա չմոռանանք, որ կա բարին ու լավը: Այն, որ ամեն օր արթնանում ենք, շնչում, քայլում ու խոսում, այն որ մեր ծնողներն ու սիրելիները մեր կողքին են, դա արդեն ժպտալու մեծ պատճառ է:

Ժամանակը կարճ է, և ամեն անցած վայրկյան այլևս ետ չի գալիս: Ուզում եմ, որ սիրենք իրար և նայենք միմյանց աչքերին մի փոքր ժպիտով:

Նինա Բաղոյան,  15 տ., Ստեփանավան