ani avetisyan portret

Անօդաչու թռչող սարքերը Հայաստանի երկնքում

Սովորական ամառային մի օր էր ռոբոտաշինության խմբակում, երբ մեր ուսուցիչն ասաց, որ գնալու ենք Արզնի օդանավակայան` անօդաչու թռչող սարքերի մրցույթին: Անկեղծ ասած՝ չգիտեմ, ուրախացա՞նք, թե ոչ, բայց զգացինք, որ առջևում հետաքրքիր օր է:

-Գալիս ենք,- միաբերան ասացինք մենք և սպասեցինք հուլիսի 2-ին:

Մինչ այդ՝ մի փոքր մրցույթի մասին:

Անօդաչու թռչող սարքերի մրցույթ Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ՝ ucom ընկերության և ԻՏՁՄ-ի հովանավորությամբ՝ «ԱրմՌոբոտԻքս» ծրագրի շրջանակներում:

Այս տարի մրցույթի եզրափակչին մասնակցում էին 11 թիմեր ողջ Հայաստանից: Մրցույթին մասնակցում էին ինչպես ոլորտի երիտասարդ մասնագետները, այնպես էլ ուսանողներ ու դպրոցականներ: Յուրաքանչյուր թիմ ներկայացնելու էր իր անօդաչու սարքը և կատարելու նախապես տրված առաջադրանքը. Սարքը պետք է հասներ պայմանական թիրախին, այնտեղ թողներ վերցված բեռը և վերադառնար իր ելման դիրքը:

Եկավ սպասված օրը և մենք նշանակված ժամին արդեն օդանավակայանի տարածքում էինք:

Նախապատրաստական որոշ աշխատանքներից հետո մասնակիցներն արդեն պատրաստ էին, և եկավ մրցույթն սկսելու պահը: Սակայն որոշ թիմեր այդպես էլ չկարողացան մասնակցել մրցույթին՝ ոմանք քամու, ոմանք էլ տեխնիկական խնդիրների պատճառով: Չնայած այդ ամենին, մրցույթը հասավ իր նպատակին, և մի շարք թիմեր ցույց տալով իրենց լավագույն արդյունքը և ճանաչվելով հաղթող՝ արժանացան դրամական պարգևների:

Իսկ մենք վերադարձանք տուն՝ հույսով, որ նման մրցույթներից մեկում մենք արդեն հանդիսատես չենք լինի: