mariam tonoyan

Աշխատանքի ենք ընդունում միայն հաշմանդամներին

Մեր օրերում, սովորաբար, աշխատանքի են ընդունում երիտասարդ, բարետես աղջիկների կամ տղաների, բայց այդ խանութի մուտքի դռանը փակցված էր՝ «Աշխատանքի ենք ընդունում միայն հաշմանդամներին»:
-Ամեն ինչ սկսվեց նրանից,- պատմում էր Արշակը,- երբ դպրոցական ուսումնառության վերջին տարում ընկերոջս տան ճանապարհին՝ հարևան տան պատուհանից, հայացքս որսաց մեկին: Մինչ այդ ես չէի հավատում սիրուն առաջին հայացքից, բայց կարծես թե սիրահարվել էի: Նրան տեսնելու ցանկությունս ստիպեց հաճախակիացնել այցելությունները ընկերոջս տուն: Շուտով ինձ հաջողվեց ձեռք բերել նրա տան հեռախոսահամարը և զանգել: Դժվարությամբ նրա հայրը համաձայնեց, որ մենք հանդիպենք: Հանդիպումները մեզ հասցրին նշանադրության:
Զորակոչվեցի բանակ, տրվեցի հայրենիքի պաշտպանության նվիրական գործին: Ժամանակ անցավ: Ծառայության ընթացքում անզգույշ մի քայլս դղրդեցրեց հողը ոտքերիս տակ ու ահասարսուռ ձայն հնչեցրեց: Անորոշություն… Աչքերս բացեցի ու հասկացա, որ այլևս երբեք հայրենի հողի վրա հաստատուն քայլեր անելու հնարավորություն չեմ ունենա…
Հիվանդանոց տարան: Երկու օր շարունակ արցունքներիս վերջ չկար: Վերջապես արցունքներիս հետևից նշմարեցի նրա դեմքը: Եկել էր հրաժեշտ տալու: Հայրը չէր կարող իր աղջկան հաշմանդամի կնության տալ:
Մի օր մեզ մոտ՝ հիվանդանոց, ուսանողներ եկան բժշկական պրակտիկայի: Ուսանողուհիներից մեկը շատ դուր եկավ ինձ ու, ի վերջո, ընկերական շփումից սեր ծնվեց: Պատահեց այնպես, որ իր հետ պայմանավորվելով՝ փախցրի նրան՝ Լուսինեին: Ժամանակ անցավ, ու մենք որոշեցինք հաշտվել նրա ծնողների հետ: Ծնողները համաձայնեցին ու խնդրեցին, որ Լուսինեին իրենց տուն տանենք ու մեր ավանդույթներով, պաշտոնական գնանք նրա ձեռքը խնդրելու: Այդպես էլ արեցինք, բայց… Երբ գնացինք նրա ձեռքը խնդրելու, ծնողները պատասխանեցին, թե՝ մենք աղջիկ չունենք քեզ տալու: Բայց ի՞նչը կարող էր խոչընդոտել սիրուն: Ես ու Լուսինեն պայմանավորվեցինք ու երկրորդ անգամ փախանք Ռուսաստան, որտեղ այդ ժամանակ ծնողներս էին բնակվում:
1995թ.-ին էլի վերադարձանք Հայաստան: Որոշեցի հիվանդանոց այցելել: Բուժման ընթացքում բարեկամներ էի ձեռք բերել: Հիվանդանոցում ականատես եղա մի արտասովոր ու հետաքրքիր իրադարձության:
Պատմությունը շարունակեց Արշակի ընկերը` Ավետիսյան Կարենը.
-Իմ և Արշակի պատմությունները շատ նման են: Ես էլ 1994թ.-ին Հորադիզում կորցրել եմ երկու ոտքերս, տիկնոջս հետ նրա բժշկական պրակտիկայի ժամանակ ծանոթացել եմ հիվանդանոցում, որտեղ ես բուժում էի ստանում: Իմ և մնացած վիրավորների ոգեշնչման աղբյուրն Արշակն էր: Նրան՝ որպես ուժեղ կամքի տեր մարդ, մեզ որպես օրինակ էին ցույց տալիս: Նա ոտքեր չուներ, բայց պրոթեզների օգնությամբ քայլում էր: Կնոջս՝ Ալլային, ընտանիքի անդամները համաձայն չէին ինձ կնության տալ: Ալլան փախավ տնից, եկավ ինձ մոտ՝ հիվանդանոց, ու հենց հիվանդանոցում էլ մեծ շուքով հարսանիք արեցինք, որին ներկա էր նաև Վազգեն Սարգսյանը: Հենց մեր հարսանիքին էլ ներկա եղավ Արշակն այդ օրը:
-Արշակը մեզ համար միշտ օրինակ է եղել, ու բախտի բերմամբ, մեր ճանապարհները խաչվել են, ու մենք ընկերներ ենք դարձել,- շարունակեց նրանց երրորդ ընկերը՝ Հունան Հունանյանը: -Ես վիրավորվել եմ Չինարիում: Ի տարբերություն Արշակի և Կարենի պատմությունների՝ իմ կինը՝ Ալիսան, ևս վիրահատվել էր: Հիվանդանոցում ծանոթացանք, ու Արշակի օրինակով՝ ես ևս փախցրի ապագա կնոջս:
Երեք ընկերներով հիմնել ենք «Սատար հաշմանդամներին» հասարակական կազմակերպությունը, որը փորձում է ամեն կերպ օգտակար լինել ազատամարտի հաշմանդամներին, նրանց անվասայլակներ տալ, աշխատանք գտնել: Ահա թե ինչու Արշակը իր վարձակալած խանութի վրա ամրացրել էր ցուցանակ՝ «Աշխատանքի ենք ընդունում միայն հաշմանդամներին»: