Artyom Avetisyan

Աշխատասեր խոհարարուհիները

Արդեն շուրջ 7 տարի է, ինչ տիկին Նարինեն, Լիանան, Մարինեն, Նարինեն, Վարդուհին և Անին մասնակցում են բարեգործական ծրագրին և աշխատում են Լիճքի դպրոցում որպես խոհարարուհիներ: Նրանք այնքան հոգատար են և նվիրված, որ առավոտյան ժամը 8:00-ից մինչև 16:00-ը լինում են դպրոցում: Մոտ ժամը 10:30-ից մինչև 10:45-ը և 11:20-ից մինչև 11:35-ը ճաշարան են գալիս նախադպրոցական տարիքից սկսած մինչև չորրորդ դասարանի աշակերտները: Երբ նրանք մտնում են ճաշարան, սոված գայլի տեսք են ունենում, իսկ երբ ճաշարանից դուրս են գալիս, նմանվում են թիթեռնիկների, և ուրախ-զվարթ դուրս են գալիս ճաշարանից՝ շնորհակալություն հայտնելով աշխատողներին: Իսկ աշխատողները, երբ տեսնում են նրանց ժպտացող դեմքերը և լսում հաճոյախոսությունները, էլ ավելի են ոգևորվում և սիրով են կատարում իրենց գործը: Նրանք իրենց օրվա կեսը տրամադրում են երեխաներին, և մեկը մյուսին օգնելով՝ ավարտին են հասցնում գործը:

Նրանք բոլորն էլ հոգատար և բարի են: Փորձեցի հարցազրույց անցկացնել տիկին Նարինեի հետ, որպեսզի էլ ավելի լավ ծանոթանամ նրանց գործին:

-Տիկին Նարինե, երբվանի՞ց է սկսել գործել այս բարեգործական ծրագիրը, աշխատողների և երեխաների քանակը որքա՞ն է:

-Մեր բարեգործական ծրագիրը սկսվել է 2010 թվականին, այդ ժամանակ մենք 260 աշակերտի էինք կերակրում, բայց գնալով երեխաների թիվը ավելացել է: Այժմ աշակերտների թիվը հասնում է 420-ի: Ժամանակին մենք աշխատում էինք 4 հոգով, իսկ հիմա, աշակերտների թվի ավելանալուն զուգահեռ, բնականաբար, ավելացել է նաև աշխատողների թիվը, որովհետև գործը արդեն դժվարացել և բարդացել է: Հիմա 6 աշխատող ենք, և միասին ենք եփում, թխում, ամեն ինչը մաքրում, որպեսզի ժամանակին կարողանանք մատուցել երեխաների թարմ հացը և ճաշը:

-Աշխատողները միմյանց օգնո՞ւմ են, թե՞ յուրաքանչյուրը զբաղվում է միայն իր գործով:

-Մենք բոլորս համատեղ ուժերով ավարտին ենք հասցնում մեր սկսած գործը, որը շատ դժվար է և պատասխանատու: Այդ պատճառով էլ իրար օգնում ենք, որպեսզի թերություններ չլինեն: Մենք գործ ունենք երեխաների հետ, իսկ նրանք մեր ապագա սերունդն են, և ուզում ենք, որ ամեն ինչ շատ լավ լինի:

-Ձեր պատրաստած ուտեստներից ո՞րն է երեխաներին դուր գալիս, ի՞նչն են ամենաշատը սիրում, հաճույքո՞վ են ուտում:

-Նրանք միշտ հաճույքով են ուտում մեր պատրաստած կերակուրները: Պատրաստում ենք տարբեր տեսակի ուտելիքներ: Ամենաշատը սիրում են ոսպով և ոլոռով ճաշը և բուլկիով թեյը:

-Եղե՞լ են դժվարություններ, պահեր, երբ չեք հասցրել պատրաստել ճաշը:

-Եղել են դեպքեր, որ գազի բացակայության ժամանակ ճաշը եփել ենք էլեկտրական վառարանների վրա: Ամեն ինչ արել ենք, որ երեխաները ժամանակին սնվեն և գոհ մնան: Նույնիսկ եղել են դեպքեր, որ շաբաթ և կիրակի օրերին մենք եկել ենք դպրոց, հաց թխել, մաքրություն արել, որպեսզի երեխաներին ժամանակին կերակրենք: Իսկ ինչ վերաբերում է ճաշ չեփելուն, դեռևս նման դեպքեր չեն եղել, և կարծում եմ, որ չեն էլ լինելու:

-Տիկին Նարինե, Դուք և մյուս աշխատողները հաճույքո՞վ եք կատարում ձեր գործը:

-Մենք մեր գործին նվիրված անձինք ենք և շատ սիրով ենք կատարում մեր գործերը, որովհետև յուրաքանչյուր երեխայի մեջ մենք տեսնում ենք մեր երեխային: Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ նրանք գոհ մնան և հաճույքով գան ճաշարան:

-Իսկ տնօրենությունը լրացնո՞ւմ է պակաս ապրանքները, սննդամթերքը, խոհանոցային պարագաները:

-Տնօրենը մեզ աջակցում է ցանկացած պահի և ամեն ինչով, բայց, եթե երբևէ լինի մի որևէ բարեգործ, ով կկարողանա մեզ դրամական աջակցություն ցուցաբերել, ամեն ինչ էլ ավելի լավ կլինի, որովհետև դժվար է ամեն առավոտ շուտ արթնանալ և ուշ տուն գնալ. մեզ լրացուցիչ աշխատողներ են պետք: