Աշխարհում ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է

Սաշա. այդպես էի ես անվանել նրան, որովհետև չգիտեի` տղա՞ է, թե՞ աղջիկ: Նա ապրում էր մեր դպրոցից մի քանի մետր հեռու` իմ ճանապարհի վրա: Մենք հաճախ նրան Սաշոկ էինք անվանում և ամեն օր խաղում հետը: Նա փողոցում էր ապրում, բայց բոլորի կողմից շատ սիրված էր և միշտ ուտելու բան ունենում էր: Նա ուղղակի ընդունակ չէր ինչ-որ մեկին կծել, կամ վախեցնել: Անգամ հաչելիս նրան երբեք չէի տեսել: Նա մուգ էր և ուրախ աչքեր ուներ: Միշտ վազվզում էր իմ ու ընկերուհուս հետ:

-Սաշ, պրիվետ,- ասում էի ես ամեն անգամ և թփթփացնում նրա գլխին: Նա պտտվում էր շուրջս և ձեռքս լպստում: Հետո ես մեկնում էի ձեռքս նրան և ուրախ բացականչում.

-Սաշ, թաթիկդ: Թաթիկդ տուր, դե տու~ր… Իսկ հիմա մյուսը:

Նա, առջևի թաթերն ինձ տալով, կանգնում էր երկու ոտքերի վրա և ուրախ բացում բերանը: Երևի պոչն էլ կշարժեր, եթե ունենար պոչ: Նրա պոչն ու ականջները կտրված էին:

-Իրան տենց ավելի լավ ա,- ասում էր ընկերներիցս մեկը,- փողոցի շներինը կտրում են, որ մյուս շները չքաշքշեն…

Արդեն մենք հին ընկերներ էինք դարձել, ամեն անգամ, երբ ինձ տեսնում էր, վազում էր մոտս ու թաթերով բարձրանում վրաս: Իսկ երբ քնած էր լինում և չէր տեսնում ինձ, ես շոյում էի նրա գլուխը, որ դանդաղ արթնանա, հանկարծ չվախենա:

Մի օր դասերս ուշ վերջացրի և չհասցրի Սաշոկին տեսնել: Երբ տուն եկա և մտա ֆեյսբուք, անմիջապես ընկերուհուցս հաղորդագրություն ստացա.

-Մար, Սաշոկին տարել են:

-Ի՞նչ: Ո՞ւր, ո՞վ:

-Բակի մյուս շների հետ: Ինչ-որ մեծ մեքենա էր, վրան գրած էր «Պայքար փողոցային շների դեմ» կամ ինչ-որ տենց բան:

Աչքերիս առջև մի պահ սևացավ: Փորձեցի ինձնից հեռու վանել այն մտքերը, որ դեռևս անտուն շների ոչ մի կացարանի մեր երկրում չեմ հանդիպել: Ուրեմն ի՞նչ են անելու Սաշոկիս: Ընկերներիցս ոմանք ինձ երկար համոզում էին, որ նրան պարզապես ինչ-որ դեղ են սրսկելու և հետ բերեն, կամ բաց թողնեն: Միևնույնն է, նա հոտառությամբ կվերադառնա: Բայց գիտակցությանս մեջ մի գորշ միտք էր ծանրանում, որը բարձրաձայնեց ընկերուհիս.

-Մար, լավ էլի, երեխա՞ ես, ի՞նչ հետ բերել…

Չգիտեմ, նրանցից ով է ճիշտ, բայց փաստը մնում է փաստ, Սաշան դեռ չի վերադարձել: Ես հիմա չգիտեմ էլ, թե ու՞ր է նա, ո՞ղջ է արդյոք, բայց փողոցային շների նկատմամբ այդ վերաբերմունքը շատ մեծ սխալ է, որի արմատները շատ-շատ խորն են մեր հասարակության մեջ: Չէ՞ որ «Փողոցային շների դեմ պայքարին»,  կամ էլ ինչպես որ կոչվում է դա, չգիտեմ, ինչ-որ մեկը զանգահարել և կանչել էր: Ինչ-որ մեկը, ում անհասկանալի անհանգստություն էր պատճառել լրիվ անվնաս ու բարի այդ կենդանին: