Աշնանամուտ

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Ահա և վերջ։ Ավարտին է մոտենում բոլորի կողմից այդքա՜ն սիրելի և սպասված ամառը։ Հատկապես մենք՝ դպրոցականներս, ծանր ուսումնական տարվանից հետո այս ամռանը շատ էինք սպասում։

Այս տարի իմ ամառը, ինչպես շատ դպրոցականների մոտ, սկսվեց մեկ ամիս ուշ։ Իններորդ դասարանում էի և քննություններ ունեի։ Նշեմ, որ չնայած կարմիր վկայական չստացա, բայց քննություններս լավ հանձնեցի։ Կարմիր վկայականը ինձ համար մեծ նշանակություն չունի։ Ոնց որ կասեր հայրս՝ կարևորը մարդու ուղեղն է։

Ամառս, չնայած՝ ուշ սկսվեց, բայց ոսկե աշնան պես մրգառատ էր։ Բավականին բովանդակալից անցավ։ Ժամանակ առ ժամանակ լիճ էի գնում ընտանիքիս կամ հարազատներիս հետ, ինչը, իհարկե, շատ հաճելի էր։ Նույնիսկ չորսօրյա ճամբարս Սևանում անցավ։

Այս ամառ կատարվեց իմ ամենաբաղձալի երազանքներից մեկը՝ վերջապես սկսեցի պարի հաճախել։ Ճիշտ է՝ ընդամենը երկու ամիս հաճախեցի, բայց կարևորն այն է, որ ես ստացա իմ ցանկալի արդյունքը։ Ամառվա ընթացքում տարբեր գրքեր կարդացի և դրանով հարստացա: Նաև ֆիլմերի մի ամբողջ շարք ավելացավ իմ տեսածներին։ Այս ամբողջ ամառն անցկացրի իմ այն սիրելի բարեկամների հետ, որոնց տեսնել ծնվելուցս հետո բախտ էր վիճակվել միայն մեկ անգամ։ Գնացի նաև Աշտարակ, մեկ օր անցկացրեցի այնտեղ, բայց դա էլ հերիք էր տպավորված վերադառնալու համար։

Մի քանի շաբաթ շրջեցի Երևանի գեղեցիկ, նրբերանգ և մարդաշատ փողոցներում։ Փողոցները լեցուն էին տարբեր երկրների զբոսաշրջիկներով։ Եվ այս ամենի ուրախ ֆոնին՝ անդադար ծնունդների, կնունքների ու այլ հանդիսությունների էի մասնակցում։ Միայն ուրախ դեպքեր այս ամառվա ընթացքում։

Եվ ահա մեծ խանդավառությամբ, կյանքից վերցրած տարբեր դասերով, գիտելիքներով ու հմտություններով պատրաստ եմ գնալ դեպի դպրոց։