Anna mkhitaryan

Աշոցքս

Ամեն օրս, մանկությանս ամեն վայրկյանը անցկացրել եմ հայրենի գյուղումս: Աշոցքը քչերին է հայտնի, բայց հայտնի է յուրովի: Հայտնի է, որ այստեղ միշտ ցուրտ է, ձմեռ: Բայց ոտք դնես Աշոցք, դժվար թե կարողանաս դիմանալ և չայցելել գյուղի գեղատեսիլ վայրերը: Գյուղի ամենագեղեցիկ վայրը Թթու ջուրն է. հանքային ջուր 2000 մետր բարձրության վրա՝ շրջապատված ալպիական կանաչ մարգագետիններով, մաքուր, թթվածնահագ օդով և ամենակապույտ երկնքով: Ես կասեի՝ իսկական բնության հրաշք:

Եկեք խոսենք հրաշագործ հանքային ջրերից, մասնավորապես այս մեկից, որը գտնվում է ծննդավայր Աշոցքումս: Այս ջուրը արդեն մեծ հռչակ և ճանաչում է վայելում տեղի բնակչության կողմից: Տեղացիները վաղուց են բացահայտել այս ջրի հրաշք ազդեցությունը սեփական օրգանիզմի վրա և ունեցած փորձով կիսվում են բոլորի հետ: Ջրի ազդեցությունը կհետաքրքրի այն մարդկանց, ովքեր ունեն խնդիրներ կապված աղեստամոքսային համակարգի հետ, անոթային խնդիրներ (վարիկոզ, արյան վատ շրջանառություն), թույլ իմունիտետ, նշիկաբորբ: Ջուրը պարունակում է բազմաթիվ միներալներ, հարուստ է երկաթով: Խորհուրդ ենք տալիս այցելել և հենց տեղում վայելել այս հրաշագործ հանքային ջուրը, կազմակերպել արևային լոգանքներ և վայելել հրաշք բնությունը և, իհարկե, համեղ ու օգտակար, բնական, տեղում պատրաստված գյուղական սնունդը:

Աշոցքցիները շատ հյուրընկալ են, բոլորի դռները բաց են հյուրերի դիմաց: Բայց միայն սա չէ, որ զարդարում է Աշոցքս, նաև առանձնանում է Սոճու անտառը: Չկա երևի տարվա մի եղանակ, մի ամիս, ամսվա մի օր, որ գնաս անտառ և չտեսնես ինչ-որ մեկին: Շատերի մոտ սոճին ասոցացվում է Ամանորի հետ, և շատերը սոճին անվանում են եղևնի կամ տոնածառ: Սոճին բազմամյա ծառ է և ողջ տարին մնում է կանաչ, հիմնականում աճում է բարձրադիր վայրերում: Սոճու այս անտառը գտնվում է ծովի մակերևույթից 1800-ից 2000 մետր բարձրության վրա: Սոճին հաճախ անվանում են կանաչ դեղատուփ, քանի որ այն դեղաբույս է և կարող է օգնության հասնել մի շարք առողջական խնդիրների ժամանակ: Օրինակ՝ փշատերևները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին c և հանդիսանում են հզոր հակաբորբոքային միջոց մրսածության ժամանակ: Սա է գաղտնիքը, որ գյուղի բնակիչները առողջ են, և տարիքային սահմանը հասնում է 90-ի:

Բայց կնշեմ մի ցավալի փաստ. գյուղի մոտակայքում կա մի կամուրջ՝ Կրասարի կամուրջը, որը գտնվում է ոչ բարվոք վիճակում: Շիրակի մարզի հյուսիսարևմտյան մասում, Ախուրյանի վտակներից մեկի` Արփաչայի հովտում է գտնվում Կրասար գյուղը, որը նախկինում, ըստ Ղևոնդ Ալիշանի, կոչվել է «Քէօր-պուլագ»: Կրասարում է ծնվել աշուղական արվեստի լավագույն ներկայացուցիչներից գուսան Շահենը: Այսօր Կրասարի կամուրջը հարևան Սեպասար գյուղի հետ կապող միակ ճանապարհն է: Խորհրդային տարիներին կամրջի ամրությունը հաշվի չառնելով՝ որոշել էին նրա վրայով մեծ տրամաչափի խողովակով ջրագիծ անցկացնել: Ջրագիծը շահագործվել է մինչև 1970-ական թվականները: Հետագայում կամրջի վրայով անցնող ջրագծի խողովակաշարը պատճառ է դարձել կամրջի արևմտյան կողմի պատերի փլուզմանը: Ցավոք, Կրասարի կամուրջն այժմ վթարային վիճակում է: Ըստ Ալիշանի՝ ուշագրավ է կամրջի վրա պահպանված հայերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուներով արձանագրությունը. «Շնորհօքն ամենազօրին աստուծոյ շինեցավ կամուրջս յինքնակալութեան Աղեքսանդր երկրորդի օգոստափառ կայսր ռուսաց, արդեամբ և ծախիւք Ստեփաննոսի Անանիկեանց, ի հիշատակ հոգւոյ փրկութեան իւրոյ կենակցին Գայանեայ, եղբօրն Կարապետի եւ կենակցին Հռիփսիմեայ եւ ծնողաց նոցին: Եւս առաւել վերակացուին շինութեանս Գրիգորի Ռափայէլեանց»: Բայց կամրջի հետ կապված խնդիրները չեն խանգարում այցելել և զմայլվել բնության այս հրաշքով: Սիրում եմ իմ գյուղը, իր բոլոր առեղծվածային վայրերով: