Աշունը գյուղում

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Աշնան թախծոտ արցունքը կաթեց նաև Բաղանիս գյուղի վրա։ Գյուղում աղմկում է գետը, և այդ աղմուկը տարածվում ու խլանում է աշուն հագած Բաղանիսի դատարկ փողոցներում։ Դե, փողոցները դատարկ են, քանի որ ուսանողները գյուղում չեն, տղաների մեծ մասը գտնվում է բանակում, իսկ դպրոցականները ցրտի ու դասերի պատճառով դուրս չեն գալիս տներից:

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Նայում եմ պատշգամբից. մի ծերունի՝ ձեռնափայտը ձեռքին, ոտքերը հազիվ քարշ տալով, անցնում էր փողոցը։ Մեծահասակների նույնպես քիչ կտեսնեք փողոցներում:

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Երևի այդ ծերունին էլ գնում էր խանութ՝ ինչ-որ բան գնելու: Երբ արև է լինում, նրանք հավաքվում են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի մոտ ու նարդի կամ թղթախաղ են խաղում: Ծերունիները նմանվում են ծերացող բնությանը։

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Արևը, ժլատ առևտրականի նման, շողերը կարծես կշռելով է բաժանում աշխարհին, իսկ երկինքն իր սպիտակ ամպերով հրաժեշտ է ասում հեռացող հավքերին։ Արևի ժլատությունից մրսում է գյուղը, մրսում է նաև այն փոքրիկը, որը կուչ է եկել մոր գրկում։ Անգութ է աշունը։ Հանկարծ քամուց ու անձրևից հոգնած մի տերև ընկավ տետրիս վրա։ «Այս տերևի վերջն էլ սա էր»,- մտածեցի ես։ Ամեն ինչն էլ ունի իր վերջը։

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Աշունը մտնում է իր խորը հունի մեջ և գյուղի փողոցները լցնում է դեղին ու չորացած տերևներով։ Աշնան մառախլապատ եղանակին թշնամին իրեն համեմատաբար հանգիստ է պահում, չեն լինում կրակոցներ. թշնամու կողմից էլ ոչ մի շարժ չի նկատվում: