Emma Kosakyan

Աշունը չորացած տերև չէ

Շատերի համար եկել է երկար սպասված ժամանակը սոցկայքերում աշնան մասին բանաստեղծություններ ու աշնանային բնության նկարներ տեղադրելու համար: Բնականաբար, փոխվում է նաև էջի գլխավոր նկարը. հաստ ժակետով, թեյով ու գրքով նկար է պետք: Սովորաբար այդ նկարներում բաժակը լինում է դատարկ, քանի որ այն պետք է միայն թեյի տեսք ունենա, խմելու կարիք չկա: Դե, իսկ նկարի գիրքը շատերի համար առաջին պատահած գիրքն է լինում, իսկ ավելի ճիշտ՝ այն գիրքը, որն ունենում է առավել գեղեցիկ ու աշունոտ կազմ: Ու մնաց վերջին քայլը՝ սոցկայքում նշելը, որ դու լսում ես Ռուբեն Հախվերդյանի «Մեր սիրո աշունը» երգը: Վերջ, ամեն ինչ արված է:

Իմ աշունն այսպիսին չէ, բայց ես սիրում եմ այն ամենը, ինչ կապված է աշնան հետ: Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր ասում են, որ աշունը ռոմանտիկների եղանակն է ու հպարտորեն ավելացնում, որ իրենք աշունը չեն սիրում, ռոմանտիկ չեն: Մի կողմ դնենք, որ ռոմանտիկ լինելը իրենց պատկերացրած սարսափելի հատկանիշը չէ, բայց մյուս կողմից միանշանակ չէ, որ աշունը սիրող բոլոր մարդիկ խիստ ռոմանտիկներ են: Կարծում եմ՝ այդպես մտածողները պարզապես լսել են այն գիտական նյութի միայն առաջին մասը, ըստ որի աշնանը բոլոր մարդիկ դառնում են առավել զգացմունքային:

Մենք գրքեր ենք կարդում, դասընթացների մասնակցում, որոնք մեզ սովորեցնում են ինչ-որ օրենքներ, մեխանիզմներ երջանիկ, հաջողակ լինելու համար: Սակայն իրականում այդ ամենը մեզ տրվում է ավելի պարզ տեսքով. պետք է պարզապես վերցնել: Բնության մեջ կատարվող ցանկացած երևույթ մարդկանց ինչ-որ բան ունի սովորեցնելու: Աշնանը քամին ծառերից պոկում է չորացած տերևներն ու քշում ծառից հեռու, փոխարենը որոշ ժամանակ անց ծառն ունենում է նոր տերևներ՝ կանա՜չ, կյանքով լի: Այդպես էլ պետք է թույլ տանք աշնան քամին անցնի նաև մեր զգացմունքների կողքով՝ պոկելով այնտեղ եղած չորացած զգացմունքները, որոնք մեզ այլևս պետք չեն: Դրանց փոխարեն մենք ունենալու ենք նորերը ՝ կանաչ, կյանքով լի: Պետք է թույլ տանք, որ աշնան քամու հետ գնան այն մարդիկ, ովքեր մեր կողքին են դողացող տերևի նման ու միևնույնն է՝ մի օր գնալու են: Թող գնան հիմա այս թեթև, աշնանային քամուց և ոչ թե անսպասելի փոթորկի պահին նկատենք, որ մենակ ենք մնացել: Աշնանը սիրում ենք փաթաթվել վերմակի մեջ ու թեյել: Բայց ամենահաստ վերմակն էլ մեզ չի տաքացնի, եթե մեր ներսում չունենք ջերմություն դեպի կյանքը, ընտանիքը, դեպի մի սեր: Դե, իսկ թեյն առանց ընկերների ոչինչ է: