Աշունը վերջանում է

Քայլում եմ փողոցով, մտածում եմ, թե որն է իմ աշունը։ Դե հա, տերևաթափ, անձրև, մշուշ, միգուցե, կոտրված սրտեր։ Բայց էլ ի՞նչ: Անձրևը: Շատերը չեն սիրում, քանի որ թրջվում են, անհարմար է և այլն, բայց ինձ համար աշնան անձրևը ուրիշ բան է նշանակում։ Անձրևի հետ ես կորցնում եմ անհանգստությունները, հոգնածությունը և ուղղակի վայելում։

Գրելս ընդհատեցի և մտա գրախանութ։ Երևի իմ ամենասիրելի գրախանութներից մեկն է։ Ներսում տիրում է լռություն ու հնչում է ջազ երաժշտություն։ Ես իմ բառարանի պատրվակով մտա ու նոր գիրք գտնելու պատրվակով մնացի այնտեղ։ Վերջապես բոլոր գրքերին ու բլոկնոտներին դիպչելուց հետո խորը շունչ քաշեցի ու շարունակեցի ճանապարհս։ Չնայած ցրտին ու անձրևի սառը կաթիլներին, ես ինձ շատ բավարարված էի զգում, նույնիսկ ականջակալների կարիք չունեի։

Աշունն արդեն վերջանում է: