Աշունն ավարտվում է

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Աշունը լռում է: Նույնիսկ քաղաքի բազմերանգ աղմուկի միջից: Աշնան արևը հիշեցնում է ջերմության մեղմության մասին: Գարնան արևի կիրքն իմաստնացած շոյում է ուսերդ, դեմքդ…Դեղինն ու կարմիրը տեր են դառնում աչքերիդ ու սրտիդ: Պատմում են գույնի մասին: Պատմում են մոր տաք ձեռքերի ու հոր իմաստուն լռության, եղբոր հետ համատեղ աշխարհի բացահայտման խորհրդի ու քրոջ անհատակ կապույտ աչքերի մասին: Ու լռում է առջևում սպասվող կյանքի մասին: Ու ստիպում ապրել առջևում սպասվող կյանքն ու գնահատել գույնը:
Լուսանկարը՝ Մուշեղ Վարդանյանի

Լուսանկարը՝ Մուշեղ Վարդանյանի


Ամեն տարի մեծ սպասումով ու հատուկ երջանկությամբ եմ հիշում աշունը, մտածում նրա գեղեցկությունների մասին: Այն ինձ համար մի ուրիշ աշխարհ է. աշունն ընդհանուր կողմեր ունի իմ ներաշխարհի հետ. թախծոտհարցական հայացք, հաճախ թաց աչքեր, լռություն, գունագեղ ու բազմապիսի հագուստներ…
Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի


Ամեն տեղ ուրիշ է աշունը: Ես սիրում եմ Հայաստանի և հատկապես Երևանի աշունը. ամեն օր արթնանում եմ մի ուրիշ թարմությամբ, աշխատում վայելել յուրաքանչյուր պահի և յուրաքանչյուր երևույթի գեղեցկությունը:
Ինձ շատ է գրավում արևածագը: Արթնանալով սենյակ ներթափանցած արևի առաջին շողերից` իմ տրամադրությունը լինում է երկնային, դրախտային, լուսավոր, երբ ամեն մի հոգս թվում է անցողիկ և լուծելի: Արևը սկսում է բարձրանալ` տարածելով լույսը քաղաքի վրա, լուսավորելով Մասիսների լուսապսակ ճակատները. ձյունը փայլփլում է, կարծես ադամանդ լինի:
Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի


Կարևոր է ինձ համար արևածագը. այն ինձ տալիս է ուժ, եռանդ, վառ տրամադրություն և դրական լիցքեր:
Հատկապես շատ եմ սիրում մայրամուտը: Սիրում եմ և’ ծովի, և’ Մասիսների մոտ: Ամեն օր այդ ժամին դուրս գալով տանից` զարմանում եմ, թե ինչպիսի՜ հրաշք է ստեղծել բնությունը: Նայում և չեմ հագենում: Արևը կարմրում է: Նրա ճառագայթները, ընկնելով ամպերի վրա, երկինքը գունավորում են վարդագույն,նարնջագույն, դեղին, երկնագույն, վառ կարմիր և առահասարակ, ծիածանի բոլոր գույներով: