Աշունն ու երազանքները

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Սեպտեմբերն է, բայց զգում ես աշունը իր բոլոր երանգներով: Էս զգացողությունը միշտ ինձ մոտ հոկտեմբերին է լինում, բայց այս տարի ուրիշ է ` շուտ է եկել:

Աշունն ինձ համար երազանքների, դրանց կատարվելու հետ է կապվում: Պատահական չէ, որ հենց աշնանն են երազանքերիցս շատերը կատարվել, մի քանիսն էլ աշնան տերևների հետ գնացել:

Աշունն ինձ համար նաև երջանիկ լինելու ժամանակ է: Ոչ մի եղանակ ինձ այդքան չի ուրախացնում, թեև ասում են` «մելամաղձոտ» ու «տխուր» աշուն:

Աշնան մեջ կա պարզություն, գույներ, հանգստություն, բաներ, որոնք անհնար է չսիրել: Հենց աշնանը կարող ես վայելել այն, ինչ հնարավոր չէ ուրիշ եղանակի: Ուղղակի վերցրու մի բաժակ թեյ, նստիր պատուհանին, նայիր անձրևի կաթիլներին, լսիր քո սիրելի երգերից մեկը ու երազիր, անվերջ երազիր:
Անձրևի հետ գուցե հիշես անցած գնացած օրերը, կարոտես թանկ մարդկանց կամ նրանց հետ անցկացրած պահերը: Ես ինքս էլ այդպես եմ անում ` կարոտում եմ մանկությունս աշնան հետ, ու թե ինչպես էի սպասում աշնան գալուն, որ էլի գնայի այդքան սիրելի դպրոց: