hrantvirabyan

Ապագային հառած աչքեր

Հայաստանի Հանրապետության ներկան ու ապագան ըմբոստ և նորացման ձգտող երիտասարդությունն է: Երիտասարդությունը ամեն մի երկրի աղն ու հացն է, նրա ապագայի հիմքը և շարժիչ ուժը: Ֆրանսիայում այդ թռիչքը կատարեց 1960-ականների կեսին մեծ փոփոխություների գնացած սերունդը:

Հայաստանում ընթացող վերջին քաղաքական իրադարձությունները երիտասարդական գարունն էին խորհրդանշում: Երիտասարդական ուժը մեծ դեր խաղաց հասարակությունը վերափոխելու գործում: Սակայն ժամանակն անցնում է, իսկ երիտասարդներին սովորել է պետք, որպեսզի գան և դառնան նորի կրողը, արդարության և բարության սերմեր սերմանեն: Անվերջ թվացող էյֆորիան անցնում է, և այդ դեպքում հնարավոր է՝ ներքև գլորվես արդեն նվաճված բարձունքներից, և բարձունքը ստորոտ դառնա, իսկ նորից բարձրանալը անվերջ ցավ է դառնում:

Ի՞նչ է մնում անել այն երիտասարդներին, որոնք անցնում են մեծ վերափոխումների հորձանուտով՝ կրթվել, բարելավել իրենց գիտելիքների շտեմարանը: Դա է երաշխիքը այն լրջագույն հաջողությունների, որոնք կարող են տեղի ունենալ տարբեր ոլորտներում՝ կլինի դա սննդի արդյունաբերության, թե ռազմական ոլորտում, նշանակություն չունի: Նշանակություն ունի այն, որ ամեն մեկս մեր լուման ներդնենք Հայաստանի բարգավաճման գործընթացներում: Դա գիտակցելով` մենք պետք է հստակ ըմբռնենք, որ բոլոր հարցերը տան ներսում են լուծում, որ այսպես ասած` «տան եղածը դուրս չեն հանում»: Մեր երիտասարդությունը շատ ունակ է և խելացի, բայց այդ ունակությունները պետք է ճիշտ դրսևորվեն, ամիսներով գիտելիքից փախչելը լավ հետևանքի չի բերի՝ անուղղելի վնաս հասցնելով կրթական համակարգին: Մեր հայ երիտասարդության համար ստեղծվել է եզակի հնարավորություն՝ դառնալու ապագայի հենքը և մեծ փոփոխությունների կրողը: Կարևորն այն է, որ հայ երիտասարդությունը հասկանա իր թռիչքի խորքային իմաստը և ապագայի զգացողությունը կոնկրետացնելու իրական ուղին: Այո, այսօրվա երիտասարդությունը մարտնչող է, ամբողջ ոգով լցված հայրենասիրությամբ, ինչը պետք է ճիշտ և նպատակային օգտագործվի: Մեր երիտասարդները չափազանց ընդունակ են և ապագային հառված, ապագան հուսալի ձեռքերում է, ապագան մերն է: