Ապրելը բանաձև չունի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Ուզում եմ գրել կյանքի մասին: Էսօր Սեդա Հարությունյանի նյութը կարդացի մահվան մասին: Դրա համար էլ նյութս կարող եք նրա նյութի հետ նույն «կոմպլեկտում» դնել:
Սեդան չուզեց ասել, թե ի՞նչ է մահը: Ես կասեմ: Ի՞նչ է մահն իմ պատկերացմամբ: Մահն ինձ համար ոչ հարազատների վիշտն է, ոչ նրանց լացը, ոչ ափսոսանքը և ոչ վախը մահվան նկատմամբ: Մահն անշունչ մարմինն է: Մահը գերեզմանատան լռությունը խախտող մահվան թափորի շշուկն է: Մահը խունկի հոտն է: Մահ է այն ամենը, ինչը կյանք չի: Մահը բացատրելը հեշտ է: Իսկ այ, ի՞նչ է կյանքը… Թերևս այս հարցին էլ ես պատասխան չունեմ:
Ես երբեք ոչնչից չեմ սարսափել: Մահից մի անգամ սարսափեցի: Ողջ գիշերը մահվան մասին մտքերը պտտեցնում էին գլուխս: Իմ մահից չէի սարսափում… Վազեցի դուրս ու գոռացի: Գոռացի կյանքի վրա: Որովհետև կյանքն է մեզ մահից վախեցնում: Սարսափեցի առաջին ու վերջին անգամ:
Սեդան սարսափում է, որ մի օր այլևս աչքերը չի բացի: Ու նրա բոլոր պլանները, քայլերը ու սերերը կիսատ կմնան: Վախենում է կորցնել նրանց, կիսատ թողնել իր կյանքը: Բայց կյանքը միայն դա չէ: Կյանքը նույնիսկ մի միլիոն բառով չեք կարող բնութագրել: Միշտ կիսատ կասեք: Քիչ առաջ ասացի, որ մահ է այն ամենը, ինչը կյանք չէ: Դրա համար կյանքը բնութագրելու համար պիտի մահվան մասին խոսես:
Մահացած մարդկանց հետևից ասում են. «Գնաց դեպի հավերժություն»: Ինչո՞ւ: Ի՞նչն է հավերժ, երբ մարդ այլևս չի շնչում: Դրա՞խտը, դժո՞խքը, թե՞ բանն այն է, որ պահեն մահացածի հավերժ հիշատակը: Եթե նա սովորական մահկանացու է, նրա մասին ոչ ոք հավերժ չի հիշի: Ո՞րն է պատճառը` մահը հավերժությանը հավասարեցնելու: Չգիտեմ: Ինձ համար այդ դարձվածքը սխալ է ու անընդունելի: Մի բան գիտեմ միայն: Չեմ ուզում, որ իմ հետևից ասեն նույնը: Ուզում եմ աչքերս վերջին անգամ փակելուց հետո էլ ոչինչ չլինի: Փակեմ աչքերս, ու վերջ: Էլ ոչինչ: Իմ հետևից թող ասեն. «Գնաց հավերժությունից այնտեղ, որտեղից եկել էր»: Ու ինչպես ծնվելուց առաջ ուղղակի չկայի, թող այնպես էլ մահվանից հետո ուղղակի չլինեմ:
Այ, ներողության մասին չեմ կարող խոսել: Պատահում է, որ ես ներողություն եմ խնդրում ինչ-որ բանի համար: Բայց ես դեռ չեմ հասկանում` ինչ է դա: Ու չեմ թողնում, որ ինձնից ներողություն խնդրեն ամեն պատեհ ու անպատեհ առիթով: Որովհետև ներելն էլ դեռ իմ խելքի բանը չի:
Սեդան վախենում է մի օր ամաչել իր ապրած կյանքից: Վախենում է իր մտքերի համար հիասթափվել ինքն իրենից: Այս պարագայում ես կհակասեմ իրեն: Մի ապրեք այնպես, որ ձեր «կյանքի գիրքը» վերջիվերջո դառնա մեկը հազարավորներից: Մի ապրեք այնպես, որ ձեր հետևից ոչինչ չասեն բացի. «Լավ մարդ էր»: Ամաչեք, հիասթափվեք ու զգացեք բոլոր մնացած զգացմունքներն ու հույզերը, ու հենց դրանով էլ, զգացեք ձեր կյանքը: Ապրեք առանց տանջվելու քո մի օր գործած սխալի համար: Դա բնական է: Դու մարդ ես: Դու հենց դրանով ես մարդ:
Ասում է` ապրեք ձեր կյանքը ազնիվ ու մաքուր, որովհետև չգիտեք, որը կլինի ձեր վերջին օրը: Ու էլի սխալ: Եթե «չկեղտոտվես» ու չստես, երբեք չես իմանա, թե ինչ է մաքուրն ու ազնիվը: Ու թող մեզ հիշեն ոնց որ մենք եղել ենք իրականում, այլ ոչ ինչպես կուզեինք մեզ հիշեին: Եթե ամեն օր վախենաս վաղը մեռնել, երբեք չես ապրի…

Իսկ ո՞րն է իմ լավ ապրելու բանաձևը` կմտածի Սեդան: Ապրելը բանաձև չունի: Ուղղակի շնչիր…