zarine kirakosyan

Ապրելու հիացմունքով

Ինձ միշտ հուզել է էն հարցը, թե էս քաղաքի անձրևից հետո մարդիկ ո՞նց են շնչում էդ ասֆալտի հոտով նամ օդը, մեկ էլ թե ինչու են բոլորը Թումանյանի ու Սպենդիարյանի մեջ տենց մեծ տարբերություն դնում ու Թումանյանի արձանի մոտ ժամադրվում, կամ էլ թե ինչու Ամերիկայում ապրած մեր Սարոյանի արձանը Քոչարի թանգարանին կարող է նայել, իսկ ինքը` Թումանյանը, որ էդքան բան է տեսել, հիմա էլ պիտի անընդհատ Հյուսիսային պողոտան տեսնի:

Չէ, է՜, չգիտեմ, էս հակասություններով քաղաքը մտածելու տեղ շատ է տալիս, մեկ ուզում ես` թողնես ու բարձրանաս քո պարզ սարերը, մեկ էլ նորից սիրահարվում ես էս քաղաքի տրամադրությանը:

Բայց էս քաղաքով չհուզվելը դժվար է, դժվար է չսիրել էս քաղաքը ժամը 7-ին Սարյանի սրճարաններում, Պուշկինի վրա ու Ազնավուրի հրապարակում:
Ինձ հուզում է էս քաղաքի օրինաչափությունները, գույները, ռիթմերը, էդ ռիթմերից դուրս մարդիկ, ինձ հուզում է էն հարցը, թե ոնց է էս քաղաքը զգում բոլորիս տրամադրությունները, թե ոնց է ճանաչում բոլորիս ոտնահետքերը ու ոնց է տխուր ժամանակ ինձ կանչում Կասկադ` հետը խոսելու, քեզ հնարավոր է` ուրիշ տեղ է կանչում, չգիտեմ:
Մեկ-մեկ շատ միստիկ ու մեկ-մեկ մեր գյուղից էլ պարզ էս քաղաքում դժվար է քեզ գտնել, բայց եթե էս քաղաքի մասին երգերում քեզ գտնում ես, ուրեմն կաս, կաս Մալխասի «Երևան ջանի» մեջ, Հախվերդյանի «Երևանի գիշերներում» ու հնարավոր է, հենց «Երևանի սիրուն աղջիկն» ես, որ կաս:
Բայց Երևանին սիրահարված էս աղջկան Երևանից էլ շատ հուզում են իր սարերը, որ մեկ-մեկ երկնքից էլ կապույտ են ու անրջային, մեկ-մեկ էլ էնքան նյութական են, որ թվում է` կարող ես շրջվել ու գրկել:
Ինձ տխրեցնում է էդ գյուղում ամեն պակասող կարմիր կտուրը, ու ամեն լսվող. «Ստեղ ի՞նչ կա, որ մնամ»-ը:
Ինձ հուզում է նույնիսկ, թե կովերը ոնց են ճանաչում իրենց դարպասները, թե ոնց է օգոստոսը գալիս ու ստիպում, որ բոլոր բամբասանքների փոխարեն քննարկեն իր բերած խոտը հանդերից տուն տանելու սեզոնը, էս գյուղը Սահյանի պարզությունն ունի, Սարյանի գույները, Մոնեի արևածագը, Վան Գոգի խոտի դեզերը: Ու Երևանի պես էս գյուղն էլ իր թերապիան ունի` հետդ խոսելու, քամուց դես ու դեն գնացող խոտերի ձայնով կտանի սարեր ու կստիպի մտածես, որ կյանքը էստեղից է սկսվում ու տարածվում աշխարհի վրա:
Չէ, չհուզվել դժվար է, մանավանդ, երբ արդեն հուզված ես, ու կողքիդ բացվող կոնֆետի թղթի ճռճռոցն էլ երաժշտություն է թվում:

Ավարտեմ, քանի դեռ չեմ պատմել, թե ինչ հուզիչ է ձմերուկի կարմիր լինելն ու թափվող սուրճը վերջին վայրկյանին փրկելը: