Ապրենք միասին

Ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման ու տարածման հաստատություն-միջազգային կազմակերպությունը ՝ Ֆրանկոֆոնիան, վեց օր շարունակ հյուրընկալվել է Հայաստանում:

Մարդու իրավունքների պաշտպանության, կրթության խթանման, մշակութային երկխոսությունների ակտիվացման համար Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում մայրաքաղաքում և դրանից դուրս կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:
Ազատության հրապարակում Ֆրանկոֆոնիայի տաղավարների բացմամբ տրվեց մշակութային միջոցառումների մեկնարկը:
Տաղավարները ստեղծում են փոքրիկ ավանի տպավորություն, որտեղ մասնակից երկրներից շատերը ներկայացնում են իրենց սոցիալ-մշակութային կյանքը:
Տաղավարներում բացի եվրոպական երկրներից, ներկայացված են նաև աֆրիկյան մի շարք երկրների՝ մասնավորապես՝ Կոնգոյի, Ռուանդայի, Սենեգալի մշակույթները:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահի աշխատակազմի անդամ Կաբայե Մուպիլա Սիմոն Պիերը, ով գլխավորում է Կոնգոյի պատվիրակությունը, նշում է.
-Ֆրանկոֆոնիայի միջոցով է,որ մեր պատվիրակությունը այժմ բացահայտում է գողտրիկ մի երկիր: Կոնգոյում ֆրանսերենը պետական լեզու է, բայց հավատացեք՝ այստեղ ես միայն սկսեցի ճանաչել ֆրանսիական մշակույթը, թե այդ ի՞նչ կախարդանք է, կիմանաք միայն դուք` հայերդ:
Աֆրիկայից ժամանած Անժելիկ Կիժոն Երևանը սիրել է դեռ օդնավակայանից:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

-Ես ինձ այստեղ զգում եմ ինչպես իմ տանը: Երևանը շատ հյուրասեր է, երևանցիները՝ խենթ:
Ռուանդայի տաղավարը ներկայացնող կանայք միաբերան ասում են, որ մեր ժողովուրդները նման են իրենց պայքարող տեսակով:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

-Հայերը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ապրեցին, ռուանդացիները՝ դարի վերջին: Մենք այսօր լինելով Հայաստանում, ցույց ենք տալիս ոչ միայն մեր մշակույթը և սոցիալական կյանքը, այլ նաև՝ մեր ոգու ուժը…

Իսկ ահա սենեգալցի մեր հյուրերը համոզված են, որ ֆրանկոֆոնիան Հայաստանին մեծ հնարավորություններ է ընձեռնում սոցիալ-մշակութային կապեր հաստատելու աֆրիկյան երկրների հետ: