milena movsesyan

Ապրիլյանը՝ տեսախցիկի աչքերով

Նախորդ տարի այս օրերին մի դասընթացի էր մասնակցում՝ լրագրությունը ճգնաժամային իրավիճակներում։ Խոսնակների՝ ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի, տեղեկատվության անվտանագության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի և լուսանկարիչ Ասատուր Եսայանցի ելույթներն այնքան լավ էի մտապահել, որ այս պատմությունը գրելու ժամանակ ձայնագրությունները լսելու կարիք չզգացի։ Չեմ ուզում, որ խնամքով գրած իմ էսսեն չկարդացված մնա․․․

․․․․

Կեսգիշերն անց էր: Վերջին լուսանկարներն ուղարկեցի խմբագրիս և պառկեցի քնելու: Աչքս կպել էր, երբ ցնցվեցի հեռախոսի զանգից. երևի խմբագիրս չէր հավանել նկարները: Երանի թե այդպես լիներ: Զանգը տագնապալի էր. սահմանում պատերազմական, լարված իրավիճակ էր, մեր նկարահանող խումբը պիտի մեկ ժամից ճամփա ընկներ:

Առանց երկար-բարակ մտածելու վեր թռա տեղիցս, հագնվեցի, վերցրի առաջին անհրաժեշտության պարագաներն ու դուրս եկա: Ո՛չ, ես ընտանիքիս անդամներին հրաժեշտ չտվեցի. ինձ համար դա սովորական աշխատանքային գիշեր էր, այնինչ պահի լրջությունը ես դեռ հետո էի զգալու:

Լույսը նոր էր բացվում, բայց օրը բարի չէր լինելու: Գիշերը զոհեր էին եղել, դիվերսիոն խմբեր էին մտել Արցախ: Միայն այս բոթերն ու հեռվից լսվող կրակոցները վերադարձրին իմ զգալու ունակությունը: Միջովս սարսուռ անցավ:

Մի սպա դիմավորեց ու համեմատաբար ավելի ապահով տեղ տարավ մեզ: Մի լքված տուն էր: Դռան դիմաց անկանոն ընկած հողաթափերը դարձան իմ առաջին լուսանկարը: Սպան խստորեն զգուշացրեց տեղեկատվություն տարածելուց առաջ անպատճառ խորհրդակցել: Պարզեցինք, որ դիվերսիոն մի հարձակումը կարող էր կանխվել, եթե լրագրողի լայքեր ու դիտումներ հավաքելու անմտածված ցանկությունը չլիներ:

Ավելի լարվեցի: Գործընկերներիս առաջարկով որոշեցինք լուսանկարներն ու տեղեկատվական ֆայլերը մեյլերով չուղարկել: Բավական քանակությամբ կրիչներ ունեինք, ավելի նպատակահարմար էր անձամբ հասցնել խմբագրություն, որի ժամանակավոր կայանը պիտի լիներ Հայաստան-Արցախ սահմանի մոտ: Պայմանավորվեցինք, որ խմբի անդամներից մեկը ամեն երեկո կրիչը պիտի հասցնի խմբագրին և ուրիշ դատարկ կրիչ բերի: Խմբագրության հետ կապ էինք հաստատում միայն հավելվածների միջոցով, խոսում էինք կարճ ու կոնկրետ, այն էլ այլաբանված բառերով. հաստատ գիտեինք, որ մեզ գաղտնալսում են: Այս տարբերակն ավելի ճիշտ էր: Իսկ իմ մտքում 12-ամյա աղջկա մահվան պատմությունն էր, որի մեղավորն էլի լրագրող էր եղել:

Իմ ֆոտոխցիկը շարունակում էր ֆիքսել արյունոտ կադրեր: Փորձում էի կարմիրը հակակշռել իրենց տունը չլքած մարդկանցով. չէ՞ որ արյունը նրանց համար էր թափվում: Նրանց աչքերում խորունկ վիշտ կար, բայց և կյանքը չէր մեռել:

Մենք լավ էինք հասկանում, որ համացանցում տեղ գտած մեր լուսանկարների ու լուրերի համար պատասխանատու ենք. դրանք չպիտի ծառայեն թշնամուն ու զենք դառնան մեր պետության դեմ: Բացի այդ, չէինք մոռանում նաև էթիկայի մասին: Հասարակությունն էլ գիտակցում էր ինֆորմացիայի ուշացման կամ թերի լինելու պատճառները:

Ստեփանակերտի բակերից մեկում ֆուտբոլ խաղացող տղաներից հետաքրքրվեցինք՝ արդյոք գիտե՞ն անվտանգության կանոնների մասին: Նրանք ոչ միայն գիտեին՝ ինչպես պատսպարվել, այլև ինչպես խաղալ պատերազմի ժամանակ. հրազենը արկերը կրակում է տարբեր ուղղություններով, երբ մի անկյունում արկը ընկնում է, տղաները մինչև հաջորդ արկի ընկնելը այդտեղ խաղալու ժամանակ են ունենում:

Երբ իրավիճակը խաղաղվել էր, և մենք հաջողել էինք ճգնաժամային իրավիճակում ճիշտ աշխատելու մեր հանձնարարությունը և պատրաստվում էինք վերադառնալ Հայաստան, տեսանք, որ Ստեփանակերտի հյուրանոցում ապաստան գտած մի կին նույնպես մեկնում է: Պարզեցինք, որ նա վերադառնում է սահմանամերձ իր տուն: Դա այն տունն էր, որտեղ պատսպարվում էր մեր նկարահանող խումբը, և որի դռան դիմաց անկանոն ընկած հողաթափերը նկարել էի ես: Հասցրի նկարել նաև այդ կնոջ աչքերը․ այնտեղ թախիծ կար, բայց և հույսը չէր մարել:

Պատերազմն ու բնականոն հունի մեջ մնացած կյանքը. ահա սա էր պետք ցույց տալ հասարակությանն ու թշնամուն: