Ապրիլյանի քաջերը. Սաշա Գալստյան

aprilyanQajery

Հարցազրույց Ապրիլյան պատերազմի մասնակից Սաշա Գալստյանի մայրիկի՝ Սոֆի Գալստյանի հետ։

-Ինչպե՞ս է անցել Սաշայի մանկությունը:

-Երջանիկ մանկություն է ունեցել, քանի որ եղել է և՛ հորական, և՛ մորական կողմի առաջին թոռնիկը։ Սաշիս մանկությունը անցել է գրկից գիրկ:

-Կպատմե՞ք ամենավառ հիշողությունները Սաշի մասին:

-Սաշիս հետ ունեցած յուրաքանչյուր հիշողություն միշտ վառ է եղել: Նրա առաջին արձակուրդ գալը չեմ մոռանա: Մենք տեղյակ չէինք, որ պիտի գար։ Եկել էր Երևան՝ քեռու տուն, հետո եկել էր, սենյակում թաքնվել էր։ Մենք գործից եկանք տուն, ու ինքը սենյակից դուրս եկավ։ Ուրախությանս չափ ու սահման չկար:

-Ինչպե՞ս էր պատկերացնում բանակը նախքան գնալը:

-Ինքը անորոշության մեջ էր, թեպետ մեծ ուրախությամբ էր գնում, մինչև որ հայրն ասաց, որ չմտածի՝ իր համար մանկապարտեզ է լինելու, որովհետև ինքը շատ կայացած էր, իսկական տղամարդ, հասուն էր շատ:

-Ինչպիսի՞ն էին տպավորությունները բանակի մասին:

-Շատ գաղտնապահ էր, ոչինչ չէր ասում, մենակ ասում էր, որ ամեն ինչ գերազանց ա։ Անգամ ինձ հանգստացնելու համար ասում էր՝ էստեղ նենց լավ ա, որ նույնիսկ տանը տենց չի։ Ասում էր, որ ոչ մի խնդիր չունի։ Հետո ընկերներն էլ եկան ու փաստեցին, որ ինքը իրոք շատ հարգված ա եղել ու խնդիրներ չի ունեցել։

-Երբ լսեցիք, որ պատերազմ է, ի՞նչ կատարվեց Ձեզ հետ:

-Ես միանգամից ասացի, որ հոգիս ցավում է, իմ Սաշի հետ վատ բան է կատարվել։ Ես կանխազգում էի։ Ինչքան էլ ինձ համոզում էին, որ ամեն ինչ նորմալ է, Սաշը բժիշկ է և իր վիրավորներով է զբաղված, և կապ չկա, որ զանգի, միևնույնն է, ինձ չկարողացան համոզել։

-Ի՞նչ եք զգում, երբ հասկանում եք, որ հերոսի ծնող եք:

-Մեծ ցավ եմ ապրում, միևնույն ժամանակ, հպարտ եմ շատ, որ այսօր ամբողջ աշխարհն է խոսում իմ տղայի և իր ընկերների մասին։ Բայց չէի ուզի, որ էսպես լիներ։ Երանի ոչ ոք չճանաչեր իմ Սաշին։ Ես նրա ապրած կյանքով էլ էի շատ հպարտ։