Ապրիլյանի քաջերը

Հարցազրույց ապրիլյան պատերազմի մասնակից Արեգ Սարդարյանի հետ։

-Ինչպիսի՞ն էր Արեգը մինչ բանակ գնալը:

-Այդ հարցին, թերևս, ավելի լավ կպատասխանեն հարազատներս ու մտերիմներս։ Մեծ փոփոխություններ չեմ զգում ինձ վրա։ Երևի ավելի զուսպ ու հաշվենկատ եմ դարձել։ Մինչբանակային Արեգը շատ ավելի բռնկուն էր, ինչ-որ տեղ՝ պակաս շրջահայաց։ Երևի մինչ բանակ գնալը որոշ փոքր բաներ չէի գնահատում ըստ արժանվույն։ Բանակում, երբ այդ փոքր բաները կարոտում ես, սկսում ես ավելի բարձր ու ճիշտ գնահատել։

-Հաճելի հիշողություններ ունե՞ս բանակից:

-Անպայման։ Ավելի ճիշտ կլինի հարցնելը՝ տհաճ հուշեր ունե՞մ։ Բանակային կյանքի ամենածանր վայրկյաններն անգամ քաղաքացիական կյանքում դառնում են քաղցր հուշ, որոնք միայն ժպիտ են առաջացնում։

-Արեգ, դու մասնակցել ես Ապրիլյան պատերազմին, կպատմե՞ս քո անցած ուղու մասին, որտե՞ղ ես կռվել և ինչպե՞ս են ձեզ տեղեկացրել պատերազմի մասին:

-Ոմանք գիտեն, իսկ ոմանք՝ ոչ։ Այս առումով ես կարևորում եմ մի հանգամանք. իրականում ես երբեք չեմ ձգտել ապրիլյան մարտական գործողությունների ու դրանց մասնակցած իրական հերոսների արյան ու քրտինքի հաշվին «հերոսական» կերպար դառնալ կամ որոշակի դիվիդենտներ շահել։ Անկեղծ ասած՝ զորացրվելուցս հետո, անկախ ինձնից, չափից շատ եղա ուշադրության կենտրոնում, ու շատերն ինձ հետ կապվում էին միայն այն պատճառով, որ ես մարտական գործողությունների մասնակից եմ։ Այսօր նույն այդ մարդիկ հիմնականում ինձ ճանաչում են որպես Արեգ, ո՛չ որպես մարտական գործողությունների մասնակից։ Ես դա համարում եմ լուրջ ձեռքբերում, որովհետև իրոք աշխատել եմ այդ ուղղությամբ։ Մարտը մարդուն պիտի «չանցնի»՝ պատկերավոր ասած… Դա ընդամենը կյանքի մի փուլ է․ կարևորագույն, բայց ընդամենը։

Իմ անցած ուղու շատ մանրամասներ, իհարկե, չեմ պատմի։ Կարող եմ ասել, որ գործողությունների ժամանակ ծառայակից ընկերներիս հետ միասին եղել եմ տարբեր տեղերում՝ տարբեր մարտական խնդիրներով, մասնավորապես՝ «Եղնիկների», Մատաղիսի և Թալիշի առանձին դիրքերում։ Փառք Աստծո, մարտական կորուստներ իմ ստորաբաժանումը չի ունեցել, իսկ խնդիրները պատվով է կատարել։

«Պատերազմ» տերմինը տեղին չէ օգտագործելը, կարծում եմ։ Մենք խոսում ենք լայնածավալ մարտական գործողությունների մասին, որոնք ծավալվել են Արցախի ՊԲ ենթակայության առանձին զորամասերի պահպանության տակ գտնվող դիրքերում, իսկ պատերազմը երբեք չի ավարտվել։ Իսկ գործողությունների մասին իմացել ենք առավոտյան՝ «տագնապ» հրահանգից րոպեներ անց։

-Որքան գիտեմ՝ ունեցել ես սերժանտի կոչում, արդյոք դժվար չէ՞ր:

-Այո, ավագ սերժանտի կոչում եմ ունեցել։ Իհարկե, դժվար էր։ Ծառայությունն առհասարակ բարդ ու պատասխանատու գործ է թե՛ շարքայինի, թե՛ սերժանտի, թե՛ ենթասպայի ու սպայի համար։ Բնական է՝ յուրաքանչյուր կոչում ու պաշտոն ինքնին ենթադրում է առանձնահատուկ դժվարություններ և առավելություններ։ Ես էլ, ինչպես մյուսները, կանգնել եմ որոշակի դժվարությունների առաջ, բայց երբ հոգեբանորեն պատրաստ ես և ստանում ես աջակցություն թե՛ ծառայակից ընկերներիդ, թե՛ հրամանատարական կազմի կողմից, բոլոր տեսակի դժվարությունները դառնում են հաղթահարելի։

-Բազմիցս բարձրաձայնել ես այն փաստը, որ ժողովուրդը մոռանում է շատ տղաների, ովքեր ևս մասնակից են եղել պատերազմին, հիմա ի՞նչ կասես:

-Հիմա էլ նույնը կասեմ։ Մենք ունենք խնդիր. մի կողմից՝ իրական հերոսներից շատերին չենք արժանացնում անհրաժեշտ ուշադրության, մյուս կողմից՝ ստեղծում ենք արհեստական հերոսներ։ Սա, կարծում եմ, լուրջ խնդիր է, որի դեմ անհրաժեշտ է պայքարել։ Պիտի մարդկանց բացատրենք, որ մարտական գործողություններին մասնակցած ամեն ոք հերոս չէ, ինչքան էլ նրանց հերոսացումը մեր սրտից բխի։ Պետք է հասկանալ, որ «հերոս» գաղափարը շատ ավելին է, քան կրակած, կրակի տակ մնացած մարդը կամ մեկ բառով ասած՝ մարտերի մասնակիցը։

Քանի որ անդրադարձանք այս խնդիրներին, կուզեմ նշել նաև մեկ այլ խնդիր. մենք մեր ուշադրությունը սևեռել ենք ապրիլյան մարտական գործողությունների առանձին մասնակիցների վրա ու ստվերել թե՛ նույն ապրիլյանի շատ ու շատ հզոր տղաների, թե՛ ազատամարտի շատ ու շատ հերոսների, թե՛ բուն ազատամարտից մինչև 2016-ի ապրիլ հերոսացած տղերքի՝ հայրենիքի պաշտպանության գործում ունեցած մեծ ավանդն ու անունները։ Սա անթույլատրելի է, կարծում եմ։ Ո՞վ է ասել, որ 16-ի ապրիլին մարտական գործողությունների մասնակցած մարդն ավելի արժանի է ուշադրության կամ նույնիսկ մեծարման, քան, օրինակ, 2014-ի օգոստոսյան մարտերին մասնակցած հերոսը… Գուցե մի փոքր կոպիտ է հնչում, բայց մեր վերաբերմունքն է այս մտքին հանգեցնում։

-Եթե հնարավորություն լիներ կյանքումդ մի բան փոխել, դու ի՞նչ կանեիր:

-Կյանքի ընթացքը, մեծամասամբ, տարբեր ընտրությունների, որոշումների ու գործողությունների համախումբ և արդյունք է։ Դրանցից յուրաքանչյուրը հետադարձ ուժով փոխելու հնարավորությունը կարող է ազդել ամբողջ կյանքի վրա, կարծում եմ։ Ես իմ կյանքում, բնականաբար, սխալներ ունեցել եմ, բայց դրանք էլ են իմ կյանքի կարևորագույն մասը և նաև դրանց շնորհիվ ես ես եմ, ուստի որևէ բան փոխելու կարիք և իմաստ չեմ տեսնում։ Թերևս, միակ բանը, որ կուզեի այլ կերպ անել, դա ավելի հաճախ հանդիպելն ու սերս արտահայտելը կլիներ այն հարազատներիս ու ընկերներիս հանդեպ, որոնք այսօր կողքիս չեն։ Ուրիշ ոչինչ։

-Ո՞րն է քո կյանքի կարգախոսը:

-Որպես էդպիսին՝ կարգախոս չունեմ։ Երևի «Ամեն ինչ լավ է լինելու»-ն։ Ես նախընտրում եմ կյանքի սկզբունքը, որը կառուցվում է ընդամենը պարզ երևույթների՝ հարգանքի, ազնվության, մտածողության և կարեկցանքի հիմքի վրա։