valentinaChilingaryan

Ապրիլյանն ու կյանքը դրանից հետո

-Հարո՛ւթ, ինչ-որ նորություն կա՞ աշխատանքիցդ:

-Չէ, դեռ մերժում եմ ստանում ամեն տեղ: Անգամ զինգրքույկիս չեն նայում: Օ՜ֆ, չգիտեմ վերջը ինչ ա լինելու:

Միշտ հպարտությամբ եմ խոսում լավագույն ընկերներիս մասին: Հարութը ապրիլյան պատերազմի մասնակից է, բայց դժվար է նրա բերանից որևէ խոսք քաշել պատերազմի մասին, որովհետև այնտեղ կորցրել է իր մանկության ընկերներից մեկին: Երբ առաջին անգամ փորձեցի տեղեկություն ստանալ, հազիվ լսելի ձայնով ասաց.

-Գրկումս էր, երբ վերջին երեք անգամ շնչեց: Կորցրի նրան:

Պատերազմից հետո կյանքին այլ աչքերով է նայում: Երբ սարսափելի իրադարձություններ եմ պատմում, սառած հայացքով նայում, ոչինչ չի ասում: Տխուր հարցնում եմ.

-Բա չվախեցա՞ր:

-Ինչի՞ց:

-Դիակներից:

-Ըհըն:

Հիմա աշխատանք է փնտրում: Ո՞ւմ են պետք զինգրքույկը, դիպլոմն ու մեդալը: Հնարավորություն ունի երկրից ընդմիշտ գնալու և կյանքը վայելելու, բայց «գլխի այծերը» չեն թողնում.

-Հա՛ր, քո տեղը լինեի, կգնայի ԱՄՆ ու ոչ էլ հետ կգայի: Կսովորեի, կաշխատեի ու անհոգ կապրեի:

-Բա երկի՞րդ: Ո՞նց հեշտ թողնեմ գնամ: Էս երկրի սահմանը պահելիս ձմռանը նեղություն ու անքնություն եմ քաշել, էս երկրի համար լավագույն ընկերոջս կորցրի: Ո՞ւ: Հայրենիքիս քաղցրությունը ԱՄՆ-ում հնարավորություն կունենա՞մ զգալու:

-Հարո՛ւթ, հայրենասիրական պաթոսի ժամանակը չի: Գնա, սովորիր, աշխատիր ու ապրիր: Տեղավորվի, ինձ էլ կկանչես:

Անկեղծ ասած՝ հասկանում եմ Հարութին: Տարիներ առաջ շատ էի մտածում արտասահմանում ապրելու մասին, բայց հիմա կյանքս Հայաստանից դուրս չեմ պատկերացնում: Լավ երկիր է, թե վատ՝ իմն է: Բայց ես էլ եմ ուզում, որ ընկերներս լավ ապրեն, լավ աշխատանք ունենան: Այդ խոսակցությունից հետո պիտի խոսեի մյուս ընկերոջս՝ Ռուբենի հետ: Նա էլ է քառօրյայի մասնակից, բայց դեռ սովորում է ԵՊՀ-ում: Ռուբենին բոլորն են ճանաչում, անսպառ տաղանդով երիտասարդ է: Հպարտանում եմ, երբ ամեն անգամ խոսում եմ նրա մասին՝ վերջում հավելելով՝ լավագույն ընկերներիցս ա, բա՜:

-Ռուբ, ի՞նչ արեցիր:

-Չգրեցին:

-Ո՞նց:

-Դե, ասացին, որ չեն գրի զինգրքույկումս, թե ապրիլյան պատերազմի մասնակից եմ: Դիմել եմ արդեն նախարարություն, ասել են՝ մինչև օգոստոսի 15-ը կլինի, բայց չեմ հավատում:

-Լավ չի:

-Աչքերս ապշահար չռել էի: Հիշեցի, ոնց էի պայթյունից հետո հայտնվել հիվանդանոցում:

-Բայց ի՞նչ են ասում:

-Ասում են՝ դու կռիվ արե՞լ ես:

-Ախր, դրանց ձեռքը կջարդվի՞, որ գրեն: Անգամ մանրամասն փաստերն եք ներկայացրել:

-Չգիտեմ, բայց վարձիս օրը մոտենում ա: Ուզած-չուզած 500 հազար դրամն առանց զեղչելու պիտի մի ձև մուծեմ:

Մի ընկերս ունի զինգրքույկ, որի մեջ նշված է իր մասնակցությունը ապրիլյան պատերազմին, բայց օգուտ չունի, իսկ մյուս ընկերս պայքարում է ունենալու համար՝ հուսալով, որ անպայման դա կլուծի իր ֆինանսական խնդիրները: Ինձ մնում էր միայն վերադառնալ տուն և ողջ երկար ճանապարհի ընթացքում լավ խորհել: Գուցե մի նոր բան մտածեմ: