valya gasparyan

Աջս ու ձախս

Երբ սկսեցի տարբերել ձեռքերիս աջ ու ձախ լինելը, անգիտակցաբար հատուկ համակրանք սկսվեց ձախ ձեռքիս հանդեպ։

Աջով միշտ գրում եմ քո մասին ու պատմում, աջս շատախոս է, քո դեպքում ու քո մասին՝ առանձնահատուկ շատախոս, ու հենց գրիչ է տեսնում՝ անկախ թանաքի գույնից, գրում է քո մասին՝ առանց հեգնանքի։ Նույն գրիչով ձախս խզբզում է ու կեղտոտում թուղթը, ձախս լռում է քո մասին․ համենայնդեպս, ինձ մոտ լռում է։

Երբ ուշ է արդեն, ու ես դրսում եմ, ու հեռախոսս զանգում է, աջս վազում ու պատասխանում է զանգին՝ երևի մտածելով, որ դու կլինես, բայց սխալմամբ ուղարկված զանգ է լինում։ Այդ ընթացքում ձախս մրսած ու կծկված գրպանումս սպասում է։ Ձախս եսասեր չէ, ձախս գիտակցում է, ձախս հասկանում է, որ չես զանգելու ու հասկանում է, որ սխալմամբ ուղարկված զանգեր չեն լինում։

Երբ քեզ ուղարկելու ակնկալիքով նամակներ եմ գրում, աջս ագահաբար սոսնձում է դրանք ու հավատում, որ ուղարկելու եմ։ Ձախս անգամ սոսինձը բացել չի փորձում, ախր, հասկանում է, ախր, ժամանակավոր բաներ ու անհուսություններ տանել չի կարողանում։

Երբ տան զանգն է հնչում, աջս անկառավարելիորեն փախչում է ինձնից, կուլ է տալիս բռնակն ու ողջ ուժով հրում դուռը, ձախս լռում է, որովհետև գիտի, որ մեր աստիճանները շատ են, դու՝ ալարկոտ։

Երբ անձրև է գալիս ու ավտոբուսի պատուհանները վատ տեսանելի են դառնում, աջս մաքրում է ապակին, որ նայեմ դուրս։ Ձախս անգործ է մնում, որովհետև գիտի՝ ինչքան մեծ է լինում տեսադաշտս, այնքան երկար եմ քեզ փնտրում։

Աջով եմ գրում, բռնում, խզբզում ու մեկ-մեկ էլ մաքրում, բայց մտածողությամբ ձախլիկ եմ: Ես լուռ եմ քո մասին, ես ձախիս պես լուռ եմ քո մասին․ համենայնդեպս, ինձ մոտ լուռ եմ։