Առանց նորին մեծության

Մեր քաղաքը նման է մնացած քաղաքներին …տարբերվելու աստիճան: Այստեղ գիշերները երկինքը տարբերվում է: Կմտածեք, թե նույն երկինքն է, նույն Լուսինը, բայց… իսկապես այստեղից  յուրօրինակ է:Դե լավ, իջնենք երկնքից: Իմ քաղաքը՝ չնայած իր փոքր լինելուն, ավելի շատ զբաղմունքներ ունի, թերևս երեխաների համար: Եվ յուրաքանչյուր ծնող իր  սրբազան պարտքն է համարում իր երեխային ընդունել, օրինակ, արվեստի դպրոցի ինչ-որ բաժին՝ տաղանդ բացահայտելու: Ես էլ էի այդ «տաղանդ որոնողների» շարքին դասվում: Առաջին դասարան . կատարյալ հրաշք: Այդտեղ դրախտային ներդաշնակությամբ էր դասավորված ամեն ինչ և´դաշնամուրի 85 ստեղները, որտեղ սպիտակները իրենք տաքուկ գրկում տեղ են հատկացրել սևերի համար, և´ հնգագիծը, որ այնքան մեծ գործ էր կատարում` իր վրա կրելով այդ հսկայական «սև կեռասներին»  (ես մինչև հիմա նոտաներին կեռաս եմ անվանում): Բայց ամենաներդաշնակը այդ դպրոցում սոլի բանալու նուրբ գալարներն էին և ուսուցչուհուս թավշյա ձեռքերը: Հետաքրքիր էր . ամեն անգամ դաշնամուրի ստեղներն հաշվելիս ուրիշ թիվ էի ստանում ՝84, 86, 83 , բայց ոչ` 85, իսկ երբ սկսում էի հաշվել դպրոցի դաշնամուրների ստեղների թիվը, դառնում էր իրական քաոս: Ինձ թվում էր կամ էլ դա իսկապես նմանվում  էր հանրահաշվական այն խնդիրներին , որոնք ինչքան էլ լուծեիր, միևնույնն է, չէիր ստանա այն ճիշտ պատասխանը , որը գրված էր գրքի հետևում: Ինչպես մնացած բնագավառներում այնպես էլ այստեղ վրա հասավ նորին գերազանցություն ձանձրույթը: Դաշնամուրը ձանձրացավ ինձնից, թե ես նրանից, այնպես էլ չհասկացանք  ո´չ ես, ո´չ դաշնամուրս: Իմիջիայլոց, նորին գերազանցությունը վրա հասավ, երբ երկրորդ դասարան էի: Եվ դժբախտաբար, իմ ուսուցչի ջանքերը զուր էին. նա մինչև յոթերորդ դասարան  փորձում էր իմ մեջ արթնացնել այն դաշնամուրասեր Լուսինեին, որն առաջին դասարանում բոլորի մեջ զարմանք էր առաջացնում ՝ այդքան դժվար դասերը, այդքան վարպետորեն նվագելով, երբ բոլորը ակնածանքով էին նայում և´ ինձ, և´ ուսուցչուհուս: Բայց զուր. նրա նուրբ մատները դեռ երկար էին իմ մատներին օգնելու իրենց «հասանելիք» նոտան փնտրել: 

Մայիսի վերջն էր : Արդեն երկու տարի էր արդեն, ինչ ավարտել էի : Դասերը շուտ ավարտեցինք, ու դա մեզ հնարավորություն տվեց այցելելու մեր ընկերուհուն, որը երաժշտական դպրոցի ամենաերտասարդ ուսուցչուհին է: Բախտի բերմամբ , թե պատահմամբ, նա այնտեղ չէր, և մենք միջանցքում նստած վայելում էինք քաոսային ներդաշնակություն. մի դռնից լսվում էր  Բախի, մյուսից` Մոցարտի ստեղծագործությունները,  մեկ այլ դռնից էլ աստղային զրույցին միանում էր Շոպենը: Իսկ այդ զրույցը անէացնում էր մեր ուսուցիչներից մեկի բարձր ծիծաղը, որն այնքան տաքուկ ու միևնույն ժամանակ, այնքան ճնշող է: Այդտեղ ներդաշնակ էր ամեն ինչ. չէ որ դպրոցը կոչվում էր արվեստի. արվեստն առանց ներդաշնակության նույնն է, ինչ ներդաշնակությունն առանց արվեստի, այսինքն, անհնար է: Չգիտես ինչու, աչքերս լցվեցին, ցանկացա նորից հետ բերել ժամանակը , նորից սովորել, նորից, բայց առանց նորին մեծության …Բայց այնուամենայնիվ չհապաղեցի, գտա երաժշտության նոտաներ ու…
-Բարև Ձեզ, ընկե´ր Ավագյան, կարելի՞ է ներս գալ: Այո´, այո´ դա ես եմ՝ չստացված դաշնակահարս: