Առանց քեզ անթև թռչուն ենք

Արցախյան երկրորդ պատերազմը  անտարբեր չանցավ նաև ՀՀ ամենամեծ գյուղի՝ Վարդենիկի կողքով։ Գյուղի հերոսներից մեկը՝ Տիգրան Արշակյանը, ևս դասվեց այն հայորդիների շարքին, ովքեր հավերժի ճամփան բռնեցին՝ իրենց կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը։

Տիգրանը ընտանիքի առաջնեկն էր, սպասված զավակ։ Ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում։ Սովորել է տեղի՝ Ռ․ Հովհաննիսյանի անվան թիվ 1 դպրոցում, ապա՝ Վարդենիկի կրթահամալիրում։ 2019 թվականի հուլիսի 25-ին զորակոչվել է բանակ։

«Իմացանք՝ Մեղրիում է ծառայելու, ընկերներով շատ էինք  ուրախացել, որ Հայաստանում է, մտածում էինք համեմատաբար ավելի անվտանգ կլինի, քան Արցախում։ Տիգրանը զորակոչվելու առաջին իսկ օրից մեզ հետ կապի մեջ է եղել, միշտ էլ զանգել ու գրել է բոլորիս։ Բոլորս՝ այդ թվում և ինքը, հանգիստ ու վստահ էինք, որ ողջ ու առողջ հետ է գալու։ Այնքան վստահ էինք, որ անգամ հետ գալու խոստում չպահանջեցինք…»,-ընդգծեցին Տիգրանի մտերիմ ընկերները։

Հարցին, թե ինչպիսի՞  ընկեր է եղել Տիգրանը, միաբերան պատասխանեցին. «Մենք Տիգրան անունով ընկեր չենք ունեցել, մենք Տիգրան անունով եղբայր ենք ունեցել, այսօր արդեն Տիգրան անունով հերոս եղբայր ունենք…

Բոլորիս (թե՛ տղա ու թե՛ աղջիկ ընկերների) կողքին է միշտ եղել ամեն հարցով, ցանկացած իրավիճակում մեր հույսը ինքն էր, բոլորս էլ գիտեինք՝ Տիկոն մի բան կանի։ Մեր ընկերական շրջապատի ամենադրական կերպարն էր, միշտ ժպիտով, ուրախ, իր պատմություններով մեր տրամադրությունը բարձրացնող ու ամենակարևորը՝ մեզ լավ ճանաչողն ու մեզնից մեկը»։

«Մի յուրահատկություն էլ ուներ. գյուղի բոլոր մեքենաները ըստ իրենց համարների գիտեր՝ ում էր պատկանում, ես էլ մեր մեքենայի համարները Տիգրանից եմ սովորել, միշտ մոռանում էի, ինքն էր հիշեցնում»,-եզրափակեց ընկերը։

Տիգրանի քույրը՝ Էլենը նշեց.

«Նպատակասլաց ու յուրահատուկ էր դեռ մանկուց։ Ավտոմեքենաներ շատ էր սիրում, իրեն ճանաչողները գիտեն, թե ինչքան շատ էր սիրում վարել։ Առհասարակ Տիգրանին առանց ավտոմեքենայի տեսնելը հազվադեպ պատահող երևույթ էր։

Գյուղը սիրում էր, բայց նպատակները դրսում էին։ Նպատակ ուներ բանակից գար, աշխատեր, տուն կառուցեր…»

Էլենը եղբոր մասին  պատմելիս ընդգծեց եղբոր՝ բռնկուն, բայց միաժամանակ, ուշադիր ու հոգատար լինելու փաստը. «Շատ բաներ կար, որ արգելում էր ինձ ու քրոջս, մենք էլ՝ նեղանում։ Հիմա եմ հասկանում եղբորս խրատները, իր ասած ամեն մի բառը»։

«Միշտ զանգում էր՝ համարյա ամեն օր։ Ասում էր, որ ծառայությունը շատ լավ է անցնում։ Պիտի «սերժանտ» տային իրեն, սերժանտական դասեր էր անցնում, իսկ պատերազմի ժամանակ էլ դիրքի ավագն էր… Հոկտեմբերի 2-ին Մեղրիից տարել են Ջաբրաիլ (Մեխակավան)։ Մինչև հոկտեմբերի 8-ը խոսել ենք հետը, ամեն ինչ լավ էր, ինքն էլ՝ ոգևորված։ Երկու օր անց՝ հոկտեմբերի 10-ին Տիգրանը ոտքից վիրավորվում է և այդ վիճակում «ՈՒԱԶ» մեքենայով անցնելով շուրջ 130 կմ, իր ընկերներին հասցնում է փոքր հոսպիտալ ու նորից վերադառնում դիրքեր։ Այդ նույն օրը ԱԹՍ-ն բեկորային մահացու վիրավորում է հասցնում եղբորս։ Նրան տանում են Գորիսի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևան։ Այդ ընթացքում եղբայրս կոմայի մեջ է հայտնվում և, ուշքի չգալով, մահանում հոկտեմբերի 14-ին»,- պատմում է Էլենը։

«Պատմում էր, որ ծաղիկներ է մշակում զորամասում։ Ասում էր՝ «Զորացրվողները իրենց ծաղիկները իմ խնամքին են թողնում», իր աճեցրած ծաղիկն էլ մեզ են ուղարկել… Եթե հնարավորություն ունենայի եղբորս գոնե մի անգամ տեսնելու, կասեի, թե ինչքան շատ եմ իրեն սիրում, թե ինչքան թանկ մարդ է ինքն իմ կյանքում ու, որ առանց իր ներկայության ինձ անթև թռչուն եմ զգում…»,- եզրափակեց Էլենը։