Ani avetisyan

Առաջընթաց

Աշնանը ողջ Հայաստանում ՏԻՄ ընտրություններն էին: Դե, բնականաբար, ոչ ոք անմասն չմնաց դրանից: Անգամ 17.am-ի նյութերից շատերն այդ մասին էին: Մեկը գրում էր, որ իրենց գյուղում ասֆալտապատման աշխատանքներ են, ճանապարհներն են լուսավորում, մյուսը, թե իրենց մոտ ոչ մի շարժ չկա: Իսկ ես, այդպես էլ չգրեցի: Ի՞նչ գրեի, է՜: Ինչպես հիշում եմ՝ Աշտարակում վերջին փոփոխությունը հնի տեղում նոր Հայորդյաց տուն կառուցելն էր, այն էլ՝ Եկեղեցու հովանավորությամբ: Մեր գյուղի մասին` էլ չասեմ: Իբր մշակույթի տունն էին վերանորոգել, բայց պարի փորձից հետո ներկերի կեսը թափվեց:

Իսկ դուք ի՞նչ կմտածեիք, եթե հոկտեմբերի կեսին գային ու ասեին, որ սեպտեմբերի 21-ին նվիրված համերգի պիտի գնաք: Այո, այո՝ պիտի, որովհետև նման դեպքերում երկրորդ տարբերակ գրեթե չկա:

Երևի դուք էլ նույնը կմտածեիք, ինչ մենք: Ուղղակի մեր մտքով մի վայրկյանում անցավ մի քանի տարի առաջ Ցեղասպանության օրվան նվիրված միջոցառման անվան տակ մեզ պարսկական ժողովրդական համերգի տանելու փաստը: Մեզ հույս էինք տալիս, որ ազգային երգեր կլինեն: Գոնե Մշո քոչարի կպարենք: Չենք քնի էլի:

Հավաքվեցինք դպրոցի բակում ու սկսվեց փոխադրամիջոց գտնելու գործընացը: Մի կերպ գտանք 7 տեղանոց մեքենա, որը մեզ կողքի գյուղ հասցրեց, այնտեղից էլ Աշտարակ գնացինք: Էլի մի տասը րոպե ոտքով քայլեցինք մինչև Մշակույթի տուն հասնելն ու հիշեցինք անկախությանը նվիրված նախկին համերգները, որոնք սովորաբար սեպտեմբերի 15-ին էին լինում: Ֆուտբոլի դաշտի նման մի վայրում էին լինում, որտեղ նստարանները աստիճաններ էին հիշեցնում, ավելի ճիշտ՝ աստիճաններ էին. կեսը՝ փայտից, կեսը՝ բետոնից:

Փառք Աստծո, մշակույթի տունը բավականին լավ վիճակում էր: Եվ առաջին բանը, որ տեսանք մտնելով դահլիճ՝ երաժշտական գործիքներն էին: Դասընկերներիցս մեկն էլ, օգտագործելով ողջ երևակայությունը՝ հայտարարեց.

-Հաստատ դասական համերգ է լինելու:

-Մենակ քո կազմակերպած դասական համերգում դհոլ ու էլեկտրակիթառ կնվագեն:

-Կամ ռոք է:

Հիշեցի Վանաձորի «Դբա ռոք»-ը:

-Վատ չէր լինի:

-Բայց, Աշտարակո՞ւմ:

-Եկան երաժիշտները: Հա էլի, ռոք է:

Բայց՝ դա-դա-դա-դա՜մ, միայն մի քանի նոտա, ու բեմ են դուրս գալիս Սահակ Սահակյանը (Վարպետը), Դավիթ Ամալյանը, Մրոն ու էլի մի քանիսը:

-Ու՜խ, կպարենք:

-Ոնց եմ ուզում «Պատիվ ունեմ»-ն էլ երգեն:

-Ես էլ ուզում եմ Ամալյանի հետ նկարվեմ:

Վերջինը ես էի: Մոռացա ռոքի հանդեպ ունեցած սերս ու մի վայրկյանում ձուլվեցի «Ձայն մը հնչեց»-ի երաժշտությանը: Հետո պարի շարքին ու չզգացի, թե ինչպես ժամանակն անցավ:

Զարմացած էի և ուրախ: Փաստորեն, մեզ մոտ էլ են էսպիսի համերգներ լինում: Ու կարևորը, որ առջևում ընտրություններ չկան: Պատահում է:

Հ.Գ. Վերջում մի քիչ էլ մեզ գովեմ. համերգի առաջին րոպեներից սկսած՝ մեր խմբի «ռեյտինգն» այնքան բարձրացավ, որ պարտերից, պարելով հասանք բեմի առաջամաս ուղիղ մարզպետարանի աշխատակիցների, մարզպետի ու մյուս հյուրերի առջև: Համերգից հետո էլ մի լավ գովեցին: