«Առաջին անգամ ընտրող» ծրագիրը Վանաձորի 11-րդ ավագ դպրոցում

Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցում դեկտեմբերի 3-5-ը տեղի ունեցավ «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիրը: Այն իրականացնում է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը և ֆինանսավորվում է Եվրոպական միության ու Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագրի նպատակն էր երիտասարդ սերնդին տեղեկություններ փոխանցել ընտրական համակարգերի, ընտրողների իրավունքների և պարտականությունների, այդ գործընթացում պետական հաստատությունների գործառույթների մասին: Առաջին օրվա ընթացքում դպրոցի «Պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցչուհի Նաիրա Բարիկյանը մի քանի աշակերտների հետ բաժանեց ուղեցույց-գրքույկներ տարբեր դասարաններում, իրազեկեց աշակերտներին գալիք ընտրությունների, դրանց ընթացակարգի և որպես իրավագիտակից և պատասխանատու քաղաքացի դրսևորվելու կարևորության մասին: Թեկնածուները մշակեցին իրենց ծրագրերը, ընտրեցին վստահված անձանց: Երկրորդ օրը՝ դեկտեմբերի 4-ը, պատասխանատու և որոշիչ օր էր թեկնածուների համար, քանի որ նրանք պետք է անցկացնեին քարոզարշավ և ընտրողներին ներկայացնեին իրենց ծրագրերը: Նրանք դպրոցի պատերին փակցրին իրենց ծրագրերը, անցան դասարաններով, խոսեցին իրենց կողմից բարձրացված հարցերի և դրանց տրված լուծումների մասին, պատասխանեցին առաջացած հարցերին: Քարոզարշավից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիսը, որի ընթացքում թեկնածուներն արդեն ավելի մանրամասն ներկայացրին իրենց ծրագրերը, ինչին հետևեց բուռն հարց-պատասխանի շրջանը: Լրագրողները և հետաքրքրված ընտրողներն ուղղում էին ամենատարբեր բովանդակություն ունեցող հարցեր՝ սկսած աշակերտ-ուսուցիչ հարաբերություններից, վերջացրած ՀՀ բյուջեին վերաբերող հարցերով: Հարցերը նաև տեղիք տվեցին հետաքրքիր ու սուր բանավեճերի և քննարկումների թեկնածուների միջև: Երրորդ և ամենասպասված օրվա ընթացքում աշակերտները կատարեցին իրենց ընտրությունը, հանձնաժողովի անդամները հաշվեցին ձայներն ու հայտարարեցին հաղթողին, որը 2019թ.-ի փետրվարին հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի և տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյաների հետ: 

Ծրագիրը հնարավորություն տվեց դեռահասներին զարգացնելու միմյանց լսելու կարողությունը, խոսքի հմտությունը, հասկանալ, որ իրենց ձայնը կարևոր է, որ իրենք են այս երկրի ներկան և իրենք կարող են փոփոխություններ անել՝ անգամ ընտրություններին մասնակցելով և գիտակցված քվեարկելով: Աշխարհում ամենալավ զգացողություններից է, երբ քո ձայնն ու կարծիքը լսում են։ Կարծում եմ՝ նման ծրագրերը դպրոցում այսօր անհրաժեշտ են, քանի որ նրանք հնարավորություն են տալիս զգալ այդ ամենը, նախապատրաստվել հաջորդ ընտրություններին: