arxiv

Առաջին անգամ խոհարար

Խոհանոցում աղմուկ-աղաղակ էի բարձրացրել: Այդ ժամանակ 6 տարեկան էի:

-Ի՞նչ ես անում,- հարցրեց մայրս:

-Պղինձ եմ ման գալիս:

-Ինչի՞դ է պետք պղինձը:

-Երեխայիս համար ճաշ եմ պատրաստում:

-Ի՞նչ երեխա:

-Աննան: Էն արջուկը, որ պապաս նվիրեց:

-Ի՞նչ ճաշ ես պատրաստելու:

-Համով վերմիշելով ճաշ: Մա՛մ, կանաչին սառնարանո՞ւմ է:

-Հա:

-Իսկ վերմիշելն է՞լ է սառնարանում:

-Հա:

-Մա՛մ, կգա՞ս:

-Ասա:

-Ջուրն ինչքա՞ն լցնեմ:

-Առայժմ մի բաժակ:

-Մի բաժա՞կ:

-Հա,- ասաց նա:

-Բայց քիչ չի՞:

-Չէ: Լավ է:

Քիչ հետո մայրիկն ասաց.

-Զա՛ռ, մեկ է, արջդ այդ ճաշը չի ուտելու: Ավելի լավ է՝ շատ պատրաստի, որ պապան էլ գա, միասին ուտենք:

-Բայց չեմ կարող:

-Ես քեզ կօգնեմ: Դու կանաչին կտրատիր, ես վերմիշելը հանեմ:

-Ո՞նց կտրատեմ:

-Ոնց հարմար է… Հետո էլ ես կարտոֆիլը կմաքրեմ, դու կկտրատես, լա՞վ,- հարցրեց մայրս:

-Հա, մա՛մ:

Մի կերպ կատոֆիլը կտրատեցի, կանաչին: Արդեն ժամը 6-ն է` հայրիկիս գալու ժամանակը:

-Արի՛, պա՛պ: Ճաշը լցնում եմ,- ձայն տվեցի ես:

Հայրս եկավ: Վառածի հոտ էր գալիս: Այնքան էր եռացել, որ թափվել էր գազի վրա: Մի խոսքով, նստեցինք սեղան ու փորձեցինք ուտել իմ եփած ճաշը, որը կարելի էր չհաշվել որպես ճաշ: Բայց կերանք, որովհետև ուրիշ ճաշ չկար պատրաստած: Ճիշտ է, վառված էր, բայց հայրիկին դուր եկավ: Չգիտեմ, չասաց, որ համեղ չի, որպեսզի չնեղանամ: Չգիտեմ:

Զարուհի Ղուկասյան

13տ., 2003թ.