Anahit Badalyan

Առաջին բառը` պապա

Երեխաների առաջին բառերը ծնողների՝ երջանկությունից ծնված արցունքախառը ժպիտների սիրունագույն առիթն են դառնում, նույն կերպ առանց ձեռքից բռնելու արած առաջին քայլերն են ուրախացնում մեր ամենաթանկերին, ու առհասարակ, մեր ողջ կյանքում արած քայլերը մեր անփոխարինելիների ժպիտի կամ հիասթափության առիթն են, միշտ:

Մանկությանս մի փոքր հատված հայրիկից որոշակի հեռավորության վրա է անցել: Մայրաքաղաքում աշխատելու համար նորակազմ ընտանիքի տղամարդը մի տարեկան բալիկից հեռու էր ապրում մի քանի ամիս՝ հանուն էդ բալիկի բարեկեցության: Մամաս էլ էր աշխատում, ու մինչև իր աշխատանքից վերադառնալը տատիկն ու պապիկն էին ինձ հետ: Իրականում նրանք միշտ են ինձ հետ եղել, հիմա էլ են ինձ հետ ու միշտ են ինձ հետ լինելու:

-Տատ, բա իմ առաջին բառը ո՞րն ա եղել:

-Դու գիտե՞ս՝ որն ես, ամբողջ օրը ծոցս նստած էիր լինում, կամ պապիկի շալակը բարձրացած, բայց պապադ մի օր Երևանից զանգեց, ասեցի՝ Անահիտ, պապան ա զանգում, արի, ես միացնեմ, դու ասա՝ պապա:

-Բա հետո՞…

-Էլ ի՞նչ հետո, հեռախոսը վերցրի, դրեցի ականջիդ, սիրուն ասեցիր՝ պապա…

Դե հա, պատահական ոչինչ չի լինում: Ես պապայիս աղջիկն եմ, իսկ մենք, գիտակցաբար, թե առանց գիտակցելու` ձայնում կամ մեր մտքում կանչում ենք նրանց, ում սիրում ենք, կարոտում ենք, նվիրված ենք, ու գուցե ումից հեռու ենք:

-Տատ, դե ես շուտվանից էի քեզ կանչել սովորել, ասեցի՝ պապային կանչեմ, ուրախանա, ինքը հեռու էր, էլի,- իրավիճակը խորամանկորեն փորձում էր շտկել տասնհինգամյա Անահիտը, ով մի տարի հետո սկսեց ձայնել ամենաթանկերին երազում կամ իրականության մեջ՝ սակայն ոչ միշտ որպես պատասխան` «Հա ջան»-ը լսելով… Կանչվողներս մի ծովի չափ հեռու էին…